Անկեղծ պիտի ասեմ, որ երբեք այդքան ուշադիր չէի դիտել մեր գերբն ու չէի նկատել թերությունները, մինչև օրեր առաջ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հատ-հատ ցույց չտվեց: Ընդ որում այդ թերությունները ոչ միայն տեխնիկական են, գծագրային ու գեղարվեստական, այլև գաղափարական, ինչն էլ ամենացավալին է:
Դրանք վերլուծելու և դրանց մեջ խորանալու դեպքում հասկանում ես, որ ամուր պետություն ունենալու համար մենք դեռ շատ հում ենք: Թվում է` մանրուքներ են, բայց իրականում ամեն ինչ հենց այդ մանրուքներից է սկսվում: Այդ թերությունները նաև մեր ազգի պատիվը կարող են գցել օտարների մոտ` միաժամանակ ուրախություն պատճառելով մեր թշնամիներին:
Իսկ գերբը կերպարվեստ չէ, այլ նախ և առաջ գաղափարախոսություն է, փիլիսոփայություն:
Բայց արի ու տես, որ օրինակ, մեր գերբի վրայի թուրը կիսատ է, ծայր չունի. որոշ տեղերում ծայրը թաքնված է նկարի ետևում, չի երևում, որոշ տեղերում էլ ընդհանրապես բացակայում է: Փաստորեն, մեր գերբի վրա կոտրված թուր է պատկերված:
Գերբի վրա կան շղթաներ, որոնք, ըստ նշանակության, պետք է կտրված լինեն թրով, բայց արի ու տես, որ թուրը ոչ թե կոտրել է շղթաները, այլ ընդհակառակը, խճճված է այդ շղթաների մեջ. մեր գերբի վրա շղթայակապ թուր է պատկերված:
Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Իրականում այն չի համապատասխանում գրվածքին. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն: Կան նաև տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Արարատի գագաթին պատկերվածը ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը:
Ինչ վերաբերում է գերբի վրայի առյուծներին, ապա դրանցից մեկը ոչ թե առյուծ է, այլ ասես ծիծաղաշարժ ինչ-որ կերպար` ծաղրածու, որի գլխին էլ ոչ թե թագ է, այլ չես հասկանում` ինչ:
Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը, որը պետք է արև լինի, բայց մեր գերբի վրա պատկերվածն արև չէ, կամ էլ, եթե արև է, ապա դրա շողերը շրջանակի մեջ են վերցված, փակված են, ինչը շատ վատ նշան է և փչացնում է իմաստը:
Գերբի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծը, նույնպես խեղաթյուրված են. Կարեն Աղամյանը նկատել է, որ առյուծը բաշ չունի ու ասես հիվանդ, ճաղատ կենդանի լինի` մահվան եզրին: Էլ չենք ասում լացակումած մռութի, տգեղ և երկար ականջների մասին, որոնք ասես ավանակի ականջներ լինեն:
Մի առյուծ էլ վերևի ձախ մասում է պատկերված, որը վերցված է Անիի պարսպի պատկերներից: Բայց այս առյուծի դեմքը չկա, միայն անորոշ ուրվագիծ է:
Ինչ վերաբերում է գերբի վրայի արծիվներին, ապա սրանք էլ ճանկեր չունեն: Վերին մասում` աջից, ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է, որը ո՛չ արծիվ է, ո՛չ աղավնի: Պետք է լինի երկգլխանի արծիվ, արծիվն էլ պիտի ունենա մագիլներ: Սա խեղճացած ինչ-որ բան է: Իսկ հերալդիկան` գերբագիտությունը, իր օրենքներն ունի: Աղամյանն ասում է, որ ըստ այդ օրենքների` առյուծն ու արծիվը միշտ պատկերվում են բաց բերանով և երևացող ժանիքներով ու լեզվով: Մեր գերբում անգամ այդ տարրական օրենքները պահպանված չեն:
Եվ նմանատիպ բազմաթիվ այլ թերություններ:
Կարեն Աղամյանն արդեն մեկ տարի է` բարձրաձայնում է այս թերությունների մասին, սակայն չգիտի, թե ում դիմի, և ով է այդ ամենի պատասխանատուն… Քննադատությանը զուգահեռ` բազմաթիվ էսքիզներ է արել` իհարկե ոչ վերջնական: Որպես հիմք` ընտրել է ներկայիս գերբը` իր նկատած թերություններն ուղղած:
Մեր օրհներգն էլ մի բան չի: Նախ՝ շատ է խոսվում դրա լացակումած լինելու մասին: Դե լավ, ենթադրենք՝ լացակումած է, մենք սիրում ենք լացել, բայց դա խնդրի մի կողմն է: Ամենագլխավորն այն է, որ երբ վերլուծում ես դրա ստեղծման ակունքները, աբսուրդ փաստի առաջ ես կանգնում. մեր օրհներգի բառերը հայկական ստեղծագործությունից վերցված չեն. Նալբանդյանն այն թարգմանել է իտալական ստեղծագործությունից: Բարեբախտաբար, չի օգտագործվում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Իսկ օրհներգի երաժշտությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից: Ներողություն, իսկ մեր Խաչատրյանին կամ մյուս հսկա կոմպոզիտորներին ի՞նչ էր եղել, որ Գլազունովից եք օգտվել…օտարամոլության վառ դրսևորում` պետական մակարդակով:
Մի խոսքով, ո՛չ մեր գերբն է մի բան, ո՛չ էլ օրհներգը, իսկ ամենավատն այն է, որ նման հարցերով զբաղվող որևէ կառույց Հայաստանում չկա` ի տարբերություն նորմալ երկրների, որտեղ նման հարցերին խիստ բծախնդրորեն ու պատվախնդրորեն են մոտենում…