Ոնց հասկացա՝ էս օրերին լռելու իրավունք չունեմ: Փորձեմ ձեւակերպել ասելիքս:

1.   Էն ամենը, ինչ ես արել ու անում եմ վերջին 5-6 տարիներին, չեմ անում, որ ինչ-որ դարակազմիկ բան տեղի ունենա: Պատրանքներ չունեմ․ մարդկության պատմության ողջ ընթացքում միշտ եղել է ու կլինի պայքարը խավարի ու լույսի, չարի ու բարու միջեւ: Սա հավերժական պայքար է, որ ընթանում է թե՛ առանձին վերցրած մարդու ներսում, թե՛ կոնկրետ հասարակության, թե՛ ողջ մարդկության: Եվ ուրեմն՝ ես անում եմ իմ անելիքը, իմ մասը, իմ փայ գործը: Անում եմ, քանի որ պատասխանատու եմ ինքս իմ առջեւ, Աստծո առջեւ, ու մնացածի՝ ծնողների, էրեխեքի, ընկերների, մոլորվածների, բոլորի: Անում եմ, քանի որ դա եմ տեսնում որպես ուղի՝ լույսն ու բարին ավելացնելու՝ թե՛ իմ ներսում, թե՛ հասարակության ու մարդկության: Հետեւաբար՝ չեմ կարող հուսահատվել, ձեռք թափ տալ, գլխիկոր լինել: Որքան խնդիրը բարդ՝ էդքան անելիքը՝ պատվաբեր, բարեբեր, արժանի՝ ջանք թափելու:

2.   Էն մարդիկ, ում մեզնից ոմանք պատկերում են որպես ոչխարների, դեռ ընտրություններից առաջ եմ ասել՝ մենք ենք, մենք ինքներս: Ինձ համար չկան մենք ու իրենք: Չկան թշնամիներ, քանի որ բոլորի մեջ էլ կա բարին, կա Աստված: Նույն տեսակի, կամ՝ նույն վիճակում գտնվող մարդիկ եղել են նաեւ մեր շրջապատում: Հիմա էլ կան: Մենք ինքներս, յուրաքանչյուրս ունենք մեր սահմանը: Ամեն մեկս: Ես չեմ դատում: Ես տեղի ունեցածն ընդունում եմ որպես իրողություն, որից պետք է եզրակացություններ անենք, վերլուծենք ինքներս մեզ ու մեր ժողովրդին: Մայիսի 5-ից առաջ ասում էի, որ ինչքան էլ պահենք տեղամասերը, ես ուզում եմ տեսնել մարդու ներսում կայացված որոշում, կամք՝ մաս չդառնալ ընտրակեղծիքներին: Մեր համաքաղաքացիները էդ որոշումն իրենց ներսում մայիսի 5-ին չկայացրեցին: Պետք է հասկանանք պատճառները, գտնենք արմատները, ձեւավորենք այլընտրանք, ուժեղացնենք դիմացինի ներսում թաքնված Մարդուն: Մենք ինքներս հրեշտակներ չենք: Ինչ անելու ենք, բոլորով ենք անելու:

3.  Հայ ազգային կոնգրեսն ու Կոնգրեսում կատարվող իրական բարեփոխումները ցույց տվեցին, որ ճիշտ ուղու վրա ենք: Իշխանության արձագանքը դրա ապացույցն էր: Մեզ փորձել, փորձում ու փորձելու են փոխարինել կեղծ, վերահսկելի, դոնդողանման «ընդդիմությամբ»: Այո, 10 տարի է, ինչ հսկայական ռեսուրսներ են դրվում՝ խանգարելու մեր դավանած արժեքների առաջընթացին: Այո, ԱԺ-ում էլ, Երեւանի ավագանիում էլ իշխանությունը կուզի տեսնել 10 վերահսկվող ընդդիմադիր, եւ ոչ մի սկզբունքային կոնգրեսական: Մենք՝ նոր սերունդը, որ մտել ենք ՀԱԿ կուսակցություն, շատ կարեւոր առաքելություն ունենք: Ու մայիսի 5-ը դրա ապացույցներից էր: Ասել եմ, կրկնում եմ՝ Կոնգրեսի տված պտուղները, ինչքան էլ ինձ նման մեկի համար դրանք ակնհայտ լինեն արդեն այսօր, շատ-շատերի համար շոշափելի են դառնալու 20-30-50 տարվա կտրվածքով: Մենք ոտք ենք դրել էս ճանապարհին ոչ թե այսրոպեական դիվիդենտների, ոչ թե փողի ու վայելքների համար, այլ որովհետեւ մեր արժանապատվությունն է մեզ էդպես ստիպել: Մեկ մարդու «դարձի բերելը», փրկելը արժե 10 տարվա ջանք: Թեկուզ մեկին: Իսկ մեր շարժումն ու Կոնգրեսը վերջին 5-6 տարիներին իսկական հեղափոխություն են արել շատ-շատերի կյանքում:

4.  Արտագաղթելու մասին․ կոնկրետ իմ թասիբն ինձ թույլ չի տա գնալ ու «պատրաստի» պետություն, «պատրաստի» հասարակություն վայելել: Չեմ ասում, թե ես սահման չունեմ, չեմ ասում, թե ես հերոս եմ: Ոչ, ամենեւին: Որպես մեկը, ով հավատում է Աստծուն ու նրա ստեղծած մարդկությանը, ինձ համար խորթ են պետությունների ու ազգերի միջեւ սահմանները: Իրականում բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Ու էս իմաստով էական չէ, թե որ երկրում ես ապրում, ինչ հողի վրա են աճում քո շրջապատի ծառն ու ծաղիկը: Էական է գտնել սեփական ուղին ու հետեւել դրան, հավատալ սեփական անելիքին: Իսկ մեր անելիքը այստեղ է, այս հողի վրա: Առնվազն: Սկզբի համար: Ուրեմն՝ գլուխներս բարձր, մեր միտքը՝ բաց ու սուր, մեր լեզուն՝ ճարտար, մեր հոգին՝ ներող, մեր սիրտը՝ կարեկից, մեր կամքը՝ անկոտրում, մեր իմաստությունը՝ բազմապատկվող, մեր դիրքը՝ արժանապատիվ: Էսօր կանք, վաղը՝ չկանք: Եթե հարգում ենք ինքներս մեզ, ուրեմն մեր անելիքից չենք հրաժարվելու: Ավելի արժանապատիվ զբաղմունք աշխարհիս երեսին պարզապես գոյություն չունի:

06.05.2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել