Մայիսի 3-ին «Մալիբու» սրճարանի հարևանությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ հայտնի գործարար Կարեն Շահմուրադյանի և ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի միջև: Վերջինս ստացել է քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այտի շրջանում պատռվածք: Անգիտակից վիճակում նրան որևէ օգնություն չեն ցուցաբերել, ավելի ուշ «Էրեբունի» հիվանդանոցում վիրահատել են նրա կոտրված քիթը:
Կարեն Շահմուրադյանը և Ռուբեն Թոփալյանը ծանոթացել են երկու տարի առաջ՝ գործի բերումով. երկու հարկանի շինության համար Շահմուրադյանը Թոփալյանին պատվիրել է կահույքի դիզայն: Իրականում երկու տարիների ընթացքում աստիճանաբար կոնֆլիկտը հասունացել էր: Արհեստականորեն ձգձգվող վճարը, ինչպես նաև հայհոյանքն ու կոպիտ վարվեցողությունը հանգեցրել են ծեծկռտուքի: Վիճաբանությանը ներկա են եղել ևս չորս հոգի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուբեն Թոփալյանը նշեց. «Մեծահարուստ են, կարծում են՝ իրենց ամեն ինչ կարելի է, կարող են խոսել այնպես, ինչպես ուզում են, վիրավորել և այլն»: Նրա խոսքերով՝ չկա որևէ հարգանք նրանց կողմից: Թե ինչու է ծագել խնդիրը, Ռ. Թոփալյանը դժվարանում է ասել, բայց նշում է, որ «խոսելու ձև և տոն չունի Կարեն Շահմուրադյանը»: Երբ Ռուբեն Թոփալյանը Կարեն Շահմուրադյանին փորձել է կարգի հրավիրել, որ կոռեկտ խոսի, վերջինս այնպես է հարվածել, որ Ռ. Թոփալյանը կորցրել է գիտակցությունը:
Ծեծկռտուքի փաստով նախաքննություն է կատարվում: Ռուբեն Թոփալյանը հույս ունի, որ նախաքննությունն արդար կլինի, ըստ նրա՝ անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա: Նա պայքարելու է մինչև վերջ:
Ի դեպ, Շահմուրադյաններին են պատկանում «ԱվտոՎԱԶ»-ի դիլլեր «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները:
Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում:



