Դեռ առավոտ բարի լույսով մի հատ ջիգյարով կոգնիտիվ դիսսոնանս ստացա, երբ կարդացի իմ սիրելի Թոխմախի Մհերի հարցազրույցը՝ կապված Կառավարության նոր կազմի մասին: Դիսսոնանսը վերաճեց մերձդեպրեսիվ վիճակի, երբ կարդացի այս կարկառուն նժդեհականի մյուս հարցազրույցը՝ կապված ընտրությունների և իր որդու հեռնակարների մասին: Մեջբերեմ մի քանի փառահեղ կետեր՝ Սեդրակյանի խոսքից․

- Խոսելով նախարարների մասին, Թոխմախի Մհերը գանգատվել է, որ իր համար ոչ հաճելի դեմքեր կան նախարարական պաշտոնում, որոնց անհրաժեշտ է փոխարինել, ուշադրությո՜ւն, նորմալ ու բարի մարդկանցով: «Նորմալ, բարի մարդ լինի, չար մարդկանց պետք չէ նշանակել», - ասել է Սեդրակյանը, իսկ ես առաջին իսկ օրվանից, ինչ տեսել եմ այս մարդուն, վերջին երկու բնորոշումը, որ կարող եմ տալ նրա մասին հենց «նորմալն» ու «բարին» են:
- Շարունակելով իր համար ոչ հաճելի նախարարների թեման, Սեդրակյանն ասել է․ «Չեմ ասի` շատ, բայց ամեն դեպքում մարդիկ կան, որ իրենց տեղում չեն, թեկուզ` որպես մարդ»: Ու այստեղ ես ևս տվայտվեցի, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ Թոխմախի Մհերը ինքնախոստովանությամբ է զբաղվում:

Դալշե գնում են արդեն ընտրությունների ու իր որդու մասին մտքերը, ու մեծն ֆեոդալը այնքան է կորցրել իր զգոնությունն ու կապն իրականության հետ, որ չի էլ հասկանում, որ հանցագործությունների խոստովանություններ է անում, ընդ որում, ոչ միայն իր վրա:

- Թոփմախի Մհերը առանց ամաչելու խոստովանում է, որ 90-ականներին ինքը տեղամասերի դիմաց կանգնած ուղղորդել է մարդկանց և ստիպել է ձայնը տալ այս կամ այն քաղաքական ուժի օգտին․

«Մարդիկ ընտրությունը չեն հասկանում: Առաջ` 90-ականներին, եղել են դեպքեր, երբ մարդիկ կանգնել են տեղամասերի դիմաց, եկել են, մարդկանց ուղղություն են ցույց տվել` ասելով` գնացեք, սենց արեք: Այն ժամանակ ես էլ եմ շատ ընտրություններին այդպես մասնակցել: Մենք կանգնում էինք ու ասում էինք` ձեր ձայնը տվեք այսինչ կուսակցությանը, իսկ այսօր դա չի աշխատում»:

- Թոխմախի Մհերը անուղղակի կերպով մեղադրում է Անդրանիկ Մարգարյանին՝ երկրի թալանին մասնակցելու մեջ, երբ փորձում է պաշտպանել Տարոնին: Լրագրողը հարցնում է, թե ինչպե՞ս կմեկնաբանի Տարոնի ունեցվածքի մասին ծավալված քննարկումները, ինչին Սեդրակյանը պատասխանում է․

«Իմ տղայի համար էլ են գրել` իրեն որտեղից այսքան ունեցվածք: Իմ աշխատածը իմ տղայինը չէ՞, կամ Տարոն Մարգարյանի հայրը` Անդրանիկ Մարգարյանը հեչ բան չի՞ ունեցել: Բա ու՞մ պիտի տար այդ ունեցվածքը: Բնական է` Տարոնին պիտի տար: Նա որտեղի՞ց այդքան ժառանգություն պիտի ունենա, կամ իմ տղան որտեղի՞ց պիտի ունենա: Նա նոր եկել է Հայաստան, բնական է` իմ ունեցվածքը նրանն է, կարո՞ղ է հետս տանեմ գերեզմաններ: Զարմանալու բան չկա: Նրա ունեցվածքը կարող էր ավելին լիներ, եթե իր հոր տեղն ուրիշ մեկը լիներ»:

Իմ կողմից ավելացնեմ, որ օրինակ Տարոնի 6 միլիոն դոլարը ոչ մի կերպ չէր կարող գոյանար ոչ Տարոնի, ոչ էլ Անդրանիկ Մարգարյանի օրինական աշխատավարձի հաշվին, անգամ եթե նրանք իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում մի դրամ չծախսեին այդ փողերից: Նույնն էլ Թոխմախի Մհերի դեպքում:

- Ու վերջապես որդու պահով: Մհերին լսես՝ Հայաստանի ամենապայծառ ուղեղն է, որովհետև Եվրոպայում է բարձրագույն կրթություն ստացել ու ըստ այդմ, չի ուզում ո՛չ թաղապետարանում լինի, ո՛չ էլ ավագանիում: Սակայն ամենացինիկական արտահայտությունը, որ անում է մեր ազգընտիր նժդեհականը, սա է․

«Եթե նա ցանկանար այդ կառույցներում աշխատել, այնպես կանեինք, որ թաղապետ կդառնար, բայց արդեն մենք չենք ուզում մտնել քաղաքապետարան կամ թաղապետարան: Թող ուրիշ տեղ մտնի»:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ո՞րն է «ազգի թշնամի» եզրույթը, ու ինչու էին Ստալինյան ռեպրեսսիաների տարիներին ազգի թշնամիների հարազատների նկատմամբ էլ սանկցիաներ կիրառում․․․ 
Թոխմախի Մհերը և իր որդին, որին նա այդքան եռանդով բրթում է դեպի իշխանություն, ընդամենը մի ճյուղն են քաղցկեղային այն մետաստազների, որոնք պատել են մեր երկիրը, և մենք հիմա «Մեկ քայլ առաջներով» մոտենում ենք այն իրավիճակին, երբ համբերությունը կհատի, և այդ ժամանակ վայ նրանց, ովքեր չեն հասցնի փախչել երկրից․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել