«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից ու նրա ծավալած գործունեությունից ակնկալիքներ չունի:
«Ազատության հետ զրույցում Փոստանջյանն այսպես բացատրեց իր կեցվածքը․ «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր բազմիցս ձախողվել են, բազմիցս տարբեր հայտարարություններ են արել, իրենց քվեարկություններով և իրենց վարքագծով բազմիցս նպաստել ու աջակցել են այս ապօրինի գործող իշխանություններին, այդ մարդկանց նկատմամբ ես չունեմ վստահություն: Հետևաբար՝ Փաշինյանին ես որևէ առաջարկ ներկայացնելու խնդիր չեմ տեսնում»:
ԵԾ-ի ղեկավարն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև դա միայն կարող էր տեղի ունենալ «առաջին հերթին ծրագրի շուրջ»: «Իհարկե շատ կարևոր է՝ այդ մարդիկ կիսու՞մ են քո սկզբունքները, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանադրական հանրաքվեն ուղղակի կեղծ օրակարգ է: Ազգային ժողովում Փաշինյանը նաև կողմ էր քվեարկում որոշ օրինագծերի, օրինակ՝ 1000 դրամների հավաքագրման հետ կապված, ինչը նույնպես նպաստում էր այս համակարգի ամրապնդմանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, հավելելով․
«Պատահական չէ, որ մեկ տարի առաջ այս մարդիկ մտնում են խորհրդարան, հանդես են գալիս հայտարարություններով, լեգիտիմացնում են այդ ապօրինի խորհրդարանը, չեն բողոքարկում արդյունքները, դատարան չեն դիմում, այլ ասում են՝ այո, մենք իբրև թե մեր ստացած ձայների տերն ենք: Դրանից մի տարի անց նրանք գործուղվում են Ազատության հրապարակ ու ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս: Իհարկե՝ սա անվստահության հիմք է: Ես չեմ կարող բացառել, որ նա [Փաշինյանը] իշխանությունների կողմից է գործուղվել: Ես ունեմ նրանց չվստահելու բոլոր հիմքերը»:
Ամբողջական հոդվածն այստեղ