ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում ավելի քան 100 հրթիռ են արձակել, որոնց երրորդ մասը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: 

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցրել են երեք թիրախների, որոնք կապ ունեն քիմիական զենք արտադրելու ծրագրի հետ:

Դամասկոսի շրջանում թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցում է քիմիական զենքի մշակմանն ու արտադրությանը: Հոմսում դաշնակիցները ռմբակոծել են քիմիական զենքի պահեստը:

«Երրորդ թիրախը եղել է քիմիկատների պահեստարանը և հրամանատարական կետը»,- ասել է Դանֆորդը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նոր հարվածներ չեն նախատեսվում:

Նշենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի տարածքում սկսել են հարվածներ հասցնել Վաշինգտոնի ժամանակով 21.00-ին:

«Ժամը 21.00-ին ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան Զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում թիրախներին»,- ասել է Դանֆորդը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել ազգին ուղղված ուղերձով, որտեղ հայտարարել էր Սիրիային «կետային հարվածներ» հասցնելու մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելու փաստը հաստատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ֆրանսիայում Ելիսեյան պալատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել