Tert.am-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել երեք կետի, որոնք առնչություն ունեն Սիրիայում քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը։
Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։ Հոմս քաղաքում ԱՄՆ–ի և դաշնակիցների օդուժը հարվածել է քիմիական զենքի պահեստին։
Ավիահարվածի երրորդ թիրախը եղել է քիմիական նյութերի պահեստ և հրամանատարական կետը։
Պենտագոնը նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։
Սպիտակ տնից ամերիկացիներին ուղղված ուղերձում ավիահարվածների մասին ի սկզբանե հայտարարել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այս պահին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հետ համատեղ գործողություն է ընթանում»,– հայտարարել է նա։ 




