Հայաստանի ընդդիմության շարունակական տապալման հիմնական պատճառներից է նաև այն, որ շարժումների գլխին կանգնած են «էլիտար» ղեկավարներ, ոչ թե ժողովրդից ծնված գործիչներ։ 

Տարբեր տարիներին ընդդիմության առաջնորդներ են եղել ամերիկահայ հայագետի որդի, մանկուց «Չայկայից» օգտվող սովետական չինովնիկի որդի, Մատենադարանի գիտնական, ով 1998-ին արդեն ազգի հետ լեզու չգտավ, և այլն։ Անձինք, ովքեր դուրս են եկել ժողովրդի աշխատավոր շերտերից ու հասկանում են լայն խավերի օրվա խնդիրը, ընդդիմադիր կառույցներում ղեկավար դիրքերին չեն։

Այս ընտրություններին զուգահեռ, մինչ ընդդիմությունը զբաղվում էր քարոզարշավով, բողոքի երթերի էր դուրս գալիս «Նաիրիտը», «Մալաթիայի» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ էին անում, բողոքում էր «Փեթակ» տանավաճառը։ Ու այդ ամբողջ բողոքական զանգվածի կողքին այս օրերին չկար ՈՉ ՄԻ ընդդիմադիր։ 10-15 հազար մարդու սոցիալական բողոքի ժայթքումն ընդդիմությունը, այն էլ ընտրությունների նախաշեմին, պարզապես չնկատեց, չփորձեց անգամ որևէ կերպ օգտագործել այն։ Նրանք կա՛մ ինքներն են արդեն գիտակցել, որ այդ մարդկանց օտար են, կա՛մ այդ բողոքի ընձեռնվող հնարավորությունները չեն հասկանում։

Փոխարենն ընդդիմությունն ունենում էր բոցաշունչ ելույթներ, հարթակից անում է քաղաքագիտական վերլուծություններ, երգում երգեր և այլն։ Արդյունքում այն հնարավորությունները, որոնք ընձեռնում է սոցիալական դժգոհությունը, հերթական անգամ մսխվեցին։ Կգա՞ արդյոք վերջապես մի ուժ, որը 20 տարի մսխվող, բայց չմարող այդ ներուժը ճիշտ կօգտագործի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել