Մաշտոցի պողոտան պիկ ժամին 10 հոգով փակելը և Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ լինելն իրար հետ ի՞նչ կապ ունեն, եթե Սերժ Սարգսյանն այդ պահին այդտեղով չէր երթևեկում, չէր քայլում, կամ վարչապետ դառնալու հետ կապված որևէ արարողություն չէր կատարվում: Այդ ակցիան միայն լրացուցիչ անգամ լարեց մեր շարքային քաղաքացիների նյարդերը․ առանց այդ էլ այդ ժամերին արդեն սովորական դարձած խցանումներն անտանելի են: Նման քայլը՝ մարդկանց նման քանակով, նման պահանջով, հաշվի առնելով, թե ում էր այն փաստացի ուղղված, չեմ կարծում, թե կունենա որևէ արդյունավետ ելք: Ես զերծ եմ մնում որևէ քաղաքական գործչի կամ քաղաքացիական ակտիվիստի խորհուրդ տալուց, ես շարունակում եմ մնալ իրավական պետության կառուցման ջատագով և չեմ կարծում, որ մարդկանց անիմաստ արհեստական խցանման մեջ պահելն այս դեպքում լուրջ քայլ է այդ ուղղությամբ:
Հ.Գ. Ի դեպ՝ ոստիկանության գործողությունը նորություն էր։ Վերջապես բաժին անիմաստ տանելու պրակտիկան ճաք տվեց, ընդ որում՝ ոչ թե բարի կամքի դրսևորման պատճառով, այլ օրենքի հիման վրա, ինչը չի կարող չզարմացնել: Վարչարարությունը, փաստորեն, ավարտվեց առանց անիմաստ թղթաբանության՝ բերման, անձնական խուզարկության, վարչական իրավախախտման արձանագրությունների, ոչ հաճելի ժամանակ ոստիկանության բաժնում անցկացնելու և այլն: Փաստորեն, ականատես եղանք բանավոր վարչական ակտի, ինչը նախկինում գրեթե չի հանդիպել: Հուսանք, որ ավելի լուրջ, բայց էությամբ խաղաղ ակցիաների ժամանակ ևս ոստիկանությունը կփորձի մնալ օրենքի շրջանակներում: Հա, մեկ էլ վերջապես աղջիկներին «ձեռք գցելու» հակում ունեցող ոստիկաններից երևի ազատվեցին: