Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: Նախ՝ հացադուլը Հայաստանում դարձրել ենք առավոտյան նախաճաշի նման մի բան: Հետո՝ ով պարապ է ու մի երկու օր զբաղվելու բան չունի, հացադուլ է հայտարարում, երրորդ՝ հացադուլն ինքնանպատակ չէ:
Դեպքերից առաջ չընկնենք, բայց չեմ կարծում, որ պրն. Հարությունյանը երկար կմնա հացադուլի մեջ, իսկ երկարը մինչև նպատակին հասնելն է, մնացած բոլոր դադարեցումները սին արժեքներ են:
Լավ, իսկ ո՞րն է Արամ Հարությունյանի քաղաքական կապիտալը: Արամ Հարությունյանը հաջողացրել է 2003 և 2008 թվականներին նախագահի թեկնածու աշխատել և այդ աշխատանքն այնքան վատ է կատարել, որ նրան հաղթել է նույնիսկ Անվավեր Քվեաթերթիկովիչը: Չէ, լո՞ւրջ, այս երկրում կարելի է եսիմ ինչ ճանապարհով նախագահի թեկնածության համար անհրաժեշտ գրավի գումարը գտնել ու դառնալ քաղաքական գործի՞չ:
Դե, մեր հարցազրուցավարներն էլ, լուրջ թեմաները թողած, Արամ Հարությունյան են խոսացնում: Մեր հերոսն էլ այդ ամենից ոգևորված հացադուլ է հայտարարում: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ պրն. թեկնածուն լո՞ւրջ մտածում է, որ իր քայլով քաղաքական կապիտալ է ստեղծելու, կամ իր քաղաքական կապիտալն այնքան մեծ է, որ մարդիկ հուզվելու են իր այդ քայլից ու փողոց դուրս գան:
Չֆիքսվենք միայն Արամ Հարությունյանի վրա: Առհասարակ, բացում ես հարցազրույցներն ու հասկանում, որ լուրջ քաղաքական այրերը հիմնականում լուռ են (դե, օբյեկտիվ պետք է խոսեն, իսկ դա դաշտին չի հետաքրքրում), իսկ դրա փոխարեն թատերագետները, երաժշտագետներն ու այլք քաղաքականություն են քննարկում, ընդ որում՝ քաղաքագիտական տերմինաբանությանը բնավ չտիրապետելով:
Սա չի վերաբերում միայն ընդդիմադիրներին, իշխանական թևին հարողների մոտ էլ է նույնը խնդիրը կամ մենթալիտետը (ըստ ճաշակի ընտրեք տերմինաբանությունը):
Քանի դեռ այս ամենը կա, մենք փոփոխությունների հույս ունենալ չենք կարող: Հին ու քաղաքականության մեջ չկայացած կամ քաղաքական դիակ դարձած դեմքերով նույն ճահճացած լճում էլ մնալու ենք: