Այսօր ՀՀ իրականության մեջ բավականին հատկանշական օր է. նախագահի պաշտոնին հրաժեշտ տվեց Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը ստանձնեց պառլամենտական Հայաստանի առաջին նախագահը, սրան զուգահեռ առաջիկա ժամերի ընթացքում հրաժարական կներկայացնի Կարապետյանի միջանկյալ կառավարությունը: Մի քանի առումներով խոսենք նախագահ Սարգսյանի կառավարման տարիների մասին:
Սերժ Սարգսյանն իր տասնամյա կառավարմամբ հակասական տպավորություններ է թողնել ՀՀ հասարակության մոտ: Սարգսյանը Հայաստանի երեք նախագահներից առաջինն է, ով պաշտոնը թողնելուց հետո ոչ միայն չի հեռանալու քաղաքականությունից, այլ շարունակելու է մնալ իշխանության ղեկին, քանի որ փաստացի նա շարունակելու է լինել իշխող կուսակցության նախագահ, դրան գումարած այն, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կստանձնի վարչապետի պաշտոնը:
Սերժ Սարգսյանը ՀՀ պետականության պատմության միակ երկար կառավարած պետական պաշտոնյան է, ով պետական գործունեությամբ զբաղվել է 1989-ից՝ մինչև 1993 թ. զբաղեցնելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի աշխատանքների կոորդինացիան: Սա ենթադրում է, որ Հայաստանի գործող նախագահը չորս տարի առնվազն համակարգել, ղեկավարել է ԼՂՀ պաշտպանությունը: Որպես կանոն, Սարգսյանն ընդդիմության նկատմամբ կոշտ միջոցների կիրառման կողմնակից է եղել. պատահական չէ, որ 1996-ի նախագահական աղմկոտ ընտրություններից հետո նա դառնում է սուպերնախարար` ՆԳ և ԱԱ միացյալ նախարարությունում: Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում Ս.Սարգսյանը պահպանեց ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնը և մնում էր իշխանության առանցքային դեմքերից մեկը, սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո նա հրաժարական տվեց, և վեց ամսով ստանձնեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները:
2000-ի գարնանը Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար և այդ պաշտոնը զբաղեցրեց յոթ տարի: 2003-ի նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանը ղեկավարում էր Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը, ինչից հետո քաղաքական և փորձագիտական շրջանակներում բացահայտորեն խոսեցին, որ հենց նա է իշխանության ժառանգորդը: Ս. Սարգսյանն, ըստ էության, կրկնեց Վազգեն Սարգսյանի նախադեպը` 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելով ՀՀԿ համամասնական ցուցակով: Մինչև ընտրությունները Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ, ինչից հետո նրան փոխարինեց վարչապետի և ՀՀԿ նախագահի պաշտոններում:
Խորհրդարանական մոդելով Սարգսյանը սահմանադրորեն ամրագրում է յուրատեսակ «հավասարություն», և դրա շնորհիվ արդեն նա փաստացի դառնում է «հավասարների» մեջ միակ «ավելի հավասարը»: Այժմ նա ձևավորում է բազմակենտրոն մոդել, որտեղ արդեն ինքը դե յուրե ենթակա է, բայց ավելի ուժեղ է: Ըստ այդմ` Սարգսյանը նոր մոդելում իրեն կարող է թույլ տալ ավելին, քան տասը տարի ուժեղ նախագահական ավելի ամուր և ազդեցիկ թվացող իշխանության պարագայում:
Վերջին տասը տարիների ընթացքում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մի շարք զարգացումներ են արձանագրվել. Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին, խորացրել է ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, նոր մակարդակի է բարձրացրել ԵՄ հետ հարաբերությունները՝ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց և եզրափակել այն և այլն: Այս ամենից զատ, սակայն, գործող իշխանությունների ուշադրության կենտրոնում են եղել հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հարցերը: Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տրեզերական վարդապետի կոչում շնորհելը, Վատիկանում վերջինիս արձանի տեղադրումն ասվածի ամենավառ դրսևորումներից են՝ դառնալով այդ ուղղությամբ արված աշխատանքի կարևոր հանգրվան:
2015 թ․-ի սահմանադրական հանրաքվեից ու 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանության ներսում և դրանից դուրս Սերժ Սարգսյանը չունի լուրջ, համարժեք մրցակիցներ, հատկապես որ գործող նախագահին հաջողվել է վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերել արտերկրի ազդեցիկ կենտրոններում:
Նախագահ Սարգսյանն իր նախագահության տարիների ընթացքում առաջնորդվել է ոչ թե Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու, այլև այդ երկուսին միավորելու, մոտեցումները, շահերն ու արժեքները համադրելու սկզբունքով: