Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական անկանխատեսելի լանդշաֆտում ուրվագծվում է ուժերի նոր դասավորություն, որտեղ Սաուդյան Արաբիան բախվելու է թուրք-իրանական առանցքին:
2017-ի ապրիլի հանրաքվեով նախագահական իշխանությունը Ռեջեփ Էրդողանի ձեռքում կենտրոնացվելուց հետո Թուրքիան նորից պատրաստվում է Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրության վերածննդին: Արաբների ու թուրքերի առճակատման պատմությունը միշտ խանգարել է Անկարայի ու Էր Ռիադի մերձեցմանը: Կատարի դիվանագիտական ճգնաժամը նորից ակնհայտ դարձրեց վահաբիստական Էր Ռիադի ու սալաֆիտական Անկարայի դիմակայությունը:
Իսլամի երկու արմատական ուղղությունները` վահաբիզմն ու սալաֆիզմը, միշտ ձգտել են ստվերել միմյանց և ուժեղացնել իրենց ազդեցությունը մուսուլմանական աշխարհում: Վահաբիստների աղանդն առավել էքստրեմիստական տեսակետներ ունի, դավանում է անհանդուրժողականություն ու աղանդավորական ատելություն: Վահաբիստների դիմակայությունը շիայական Իրանի հետ լավ հայտի է: Սալաֆիտական տեսակետն առավել ճկուն է և հարմար Իրանի հետ փոխգործակցության համար: Երկու ուղղությունները գերակայում են հիմնականում սուննի երկրներում: Սաուդյան Արաբիան վահաբիզմը տարածում է ոչկառավարական կազմակերպություններին նվիրատվությունների, ուսանողների ուսուցման աջակցության և էքստրեմիստական կազմակերպություններին օգնելու միջոցով, սալաֆիտների գաղափարախոսությունը հիմնականում տարածում են «Մուսուլման եղբայրները»: Այս շարժումը մասնաճյուղեր ունի ամբողջ արաբական աշխարհում: Համախոհ կազմակերպություններ կան Բանգլադեշում ու Պակիստանում` մուսուլման բնակչության թվով երկրորդ ու երրորդ պետություններում: Վահաբիստներն ու սալաֆիտները ջանում են իրենց ազդեցությունն ամրապնդել մուսուլմանական երկրներում` պահպանելու իրենց գերակայությունը: Այդ բոլոր գործողությունները կատարվում են արևմտյան դաշնակիցների լուռ համաձայնությամբ:
Սաուդյան Արաբիայի ազդեցությունը մուսուլմանական աշխարհի վրա նվազել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա հարձակումների հետ կապի պատճառով: Սաուդյան Արաբիայի թողած վակուումը լրացրել են կա՛մ Թուրքիան, կա՛մ Իրանը: Իրանի ազդեցությունը տարածվում է հիմնականում շիաների վրա: Սաուդյան Արաբիայի դիրքերը սուննի մուսուլմանների նկատմամբ խլեցին Թուրքիայի ու Կատարի աջակցությունն ունեցող «Մուսուլման եղբայրները»: 2011-ին արաբական գարունը Եգիպտոսում հանգեցրեց Սաուդյան Արաբիայի դաշնակից Հոսնի Մուբարաքի գահընկեցությանը: Ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Ազատություն ու արդարություն» կուսակցությունը` «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը: Եգիպտոսի իրադարձությունները Սաուդյան Արաբիան ընդունեց իբրև հարված տարածաշրջանային ստատուս քվոյին: Եգիպտոսն ընկավ Թուրքիայի ազդեցության ոլորտ:
Անկարային ու Թեհրանին կապում է նաև քրդերի հարցը: Թուրքիան ու Իրանը քրդերին համարում են իրենց ինքնիշխանության սպառնալիք, Սաուդյան Արաբիան քրդերին դիտարկում է Մերձավոր Արևելքի ոչ արաբ բնակչության մեջ իր ազդեցության տարածման առանցքային միջոց: Քանի որ Իրաքի կառավարությունը հիմա գտնվում է Իրանի ազդեցության տակ, քրդերը կարող են միջոց դառնալ Իրանի ազդեցության տարածման դեմ, որից կարող է օգտվել Սաուդյան Արաբիան: Քրդերին զսպելն անհրաժեշտ է և՛ Թուրքիային, և՛ Իրանին իրենց տարածքային ամբողջականության պահպանման համար: Այդ տեսակետից չի բացառվում թուրք-իրանական դաշինքը` զսպելու քրդերի անկախության ձգտումները: Շիաների նկատմամբ ռազմավարական գերակայությունը պահպանելու համար Իրանը պատրաստակամությամբ Թուրքիային կզիջի սուննիական աշխարհի վերահսկողությունը, իհարկե, իր գլխավոր մրցակից Սաուդյան Արաբիայի հաշվին:
Մյուս կողմից` Թուրքիայի ռազմավարական նպատակն է Սաուդյան Արաբիային օղակել շիայական կիսալուսնով: Կատարը, որ Դոհայի սահմանած տնտեսական շրջափակման հետևանքով հիմա թուրք-իրանական համատեղ ուղեծրում է, հզոր մեդիառեսուրսներ ունի, որ առավել ու առավել հաճախ են քննադատում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենում: Իհարկե, դա ձեռնտու է Իրանին:
Այսօր Թուրքիայում հանդիպելու են Էրդողանն ու Պուտինը, իսկ վաղը նրանց միանալու է Ռոհանին: Պաշտոնական օրակարգում երկկողմ հարաբերություններն են ու Սիրիայի հարցը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ երեք նախագահների բանակցությունները չունեն չհրապարակվող օրակարգ: Ի՞նչ կփոխվի այդ հանդիպումից հետո Մերձավոր Արևելքում: Մեկուսացման մեջ գտնվող երեք երկրների նախագահները ի՞նչ հակաքայլեր են գտնելու` իրենց շահերը պաշտպանելու, իրավիճակ փոխելու համար: