Պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվող ոչ բոլոր խնդիրներն են հանրայնացվում։ Թերևս այդպես կարող էր լինել նաև Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Բաքվում ունեցած հանդիպման պարագայում։
Ադրբեջանական իշխանությունների վարած արտաքին քաղաքականության քարոզով զբաղվող քաղաքագետներից մեկը բավական մանրամասն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ գործողություններ սկսեն Իրանի դեմ։
Մեկնաբանության մեջ քաղաքագետը, հղում անելով ԱՀ գործող նախագահի հայտարարություններին, փորձել է հավատացնել, որ Ադրբեջանը որևէ պետության թույլ չի տալու օգտագործել իր տարածքն ընդդեմ Իրանի։
Սակայն հետաքրքիր է, որ քաղաքագետը մի քանի անգամ շեշտել է այն, որ այդ համատեքստում Իրանի կասկածները միշտ կապված են Ադրբեջանի հետ, և Իրանը չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի հանդեպ իր ունեցած կասկածներն ու վախերը։
Այստեղ է, որ հարց է առաջանում, թե որտեղի՞ց քաղաքագետին վստահություն, որ Իրանը չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի հանդեպ ունեցած կասկածներն ու վախերը, եթե տևական ժամանակ իրանական մամուլում այդպիսի շեշտադրումներով հրապարակումներ չեն եղել, առավել ևս՝ բավական երկար ժամանակ այդպիսի հայտարարություններ չեն արվել ԻԻՀ պաշտոնյաների կողմից։
Տրամաբանական է թվում այն, որ խնդիրը կարող է արծարծված լինել երկու երկրների նախագահների առանձնազրույցի ժամանակ և միայն մեկ շաբաթ անց այսպիսի մեկնաբանությունների միջոցով, այնուամենայնիվ, հնարավոր է լինում կռահել հանդիպման ավելի հետաքրքիր կողմերի մասին։