ԻԻՀ Հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այս տարին անվանել էր «իրանական ապրանքների հովանավորության» տարի, իսկ ահա օրեր առաջ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր նոր տարում Իրանի արտաքին քաղաքականության մեջ ընդգրկված, այսպես ասած, «տնտեսական քաղաքականության» 6 հիմնական ռազմավարական առանցքները, որոնց շուրջ էլ առաջիկայում Իրանը պետք է կառուցի իր տնտեսական քաղաքականությունը։ Դրանք են․
Երեք հիմնական ոլորտ ներմուծման ասպարեզում՝ զբոսաշրջային, IT և ներդրումային բնագավառներ, այսինքն՝ խրախուսվելու և առաջնահերթություն է տրվելու այն բոլոր ներդրումներին, որոնք հետաքրքիր կլինեն իրանական կողմին և որոնց շուրջ հնարավոր կլինի համագործակցել։
Երեք հիմնական ոլորտ արտահանման ասպարեզում՝ ոչ նավթային ապրանքների արտահանման խթանում, ինժեներական և էներգետիկ, ինչպես նաև տեխնիկական ոլորտների մասնագիտացված ծառայությունների արտահանում։
Հաշվի առնելով վերը թվարկած ոլորտներն ու բնագավառները, ինչպես նաև հայկական կողմի հետաքրքրություններն ու Իրանի հետ հատկապես տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առկա ցանկությունը, կարծում եմ, մեզ համար նշված բոլոր ոլորտներն էլ հետաքրքրություն են ներկայացնում և համագործակցության համար մեր ներուժի սահմաններում են։