Կեմերովոյի հայտնի ողբերգական դեպքից հետո հրաժարական է տվել Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլաևը։ Այն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հրաժարականը ռուսական քաղաքականության առանձնահատկությունների մասին է խոսում ու բացահայտում այն տարբեր տեղերից։ Աման Տուլաևը նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է 1990-ականների վերջից ու, կարելի է ասել, ամբողջ կյանքում եղել է այդ պաշտոնին, մի քանի անգամ, առողջական վիճակներից ելնելով, բուժվել, սակայն վերադարձել է։ Սիբիրի շրջանի այս հատվածը յուրատեսակ է այնքանով, որ Տուլաևը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ռուսական քաղաքականության մենթալիտետի տիպիկ կրող են։ Հին բյուրոկրատ՝ սովետական անցյալով, որ դասական սուլթանին հարիր պահվածքով կատարել է վարչարարի իր պարտականություններն ամենայն սրբությամբ։ Ընտրություններում Կուզբասի շրջանն իշխանության օգտի ապահովել է գրեթե 95 տոկոս ձայն, այսինքն՝ այն շրջաններից է, որտեղ իշխանոււթյունները երբեք խնդիրներ չեն ունեցել, ավելին՝ պլանը միշտ գերակատարվել է։ Տուլաևն ի հերթին վերահսկել է նահանգի բիզնես շրջանառությունը, միջավայրը, իսկ վերահսկել ասելով նկատի ունենք հստակ դերաբաշխումը, որը թույլ է տվել խուսափել շահերի բախումից կամ, համենայն դեպս, այդ շահերի բախման էսկալացիայից։
Սակայն Տուլաևի հրաժարականն ավելի շատ պայմանավորված է ոչ թե տեղի ունեցածի հանդեպ նրա անձնական մոտեցումներով, այլ ավելի շատ՝ երևի ռուսական քաղաքականության փոփոխությամբ։ Պուտինն այլևս տարբերակ չունի հանդուրժելու գործող վերնախավի ավանդույթները, հետևաբար փոփոխությունների է գնում ոչ թե այն պատչառով, որ ցանկանում է, այլ ավելի շուտ, որովհետև դրանք արդեն պարտադրված են, տեղ-տեղ՝ նաև ուշացած։ Ինչո՞ւ հրաժարվել հնից, եթե այն սրբորեն կատարում էր իր վրա դրված առաջադրանքը։ Եվ ուրեմն՝ հրաժարականն ավելի շատ նշանակում է, որ ռուսական էսթաբլիշմենթն այս փուլում կանգնում է Պուտինի կողքին ու որոշակիորեն զիջում սեփական դիրքերը երկրի ներսում։ Սա շատ կարևոր մեսիջ է արևմուտքի համար, որովհետև կարող է կարծիք ստեղծվել, որ հեռացածները կարող են դուրս գալ Պուտինի դեմ, սակայն կարծում ենք՝ այս փուլում դա դժվար թե տեղի ունենա։