Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա:

Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Էրդողանն ու Պուտինը կնախագահեն խորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Այցի շրջանակում նույն օրը՝ ապրիլի 3-ին տեղի կունենա «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:

Արդեն ապրիլի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ տեղի կունենա Թուրքա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպում Սիրիայի թեմայով:

Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման և շինարարության մասին համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար է:

Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել