Տարիներ առաջ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի` Թումանյան փողոցի մուտքից ոչ հեռու տեղադրվեց մի հուշատախտակ, որտեղ նշված է հետևյալը. «Այստեղ 1951-1955 թթ. սովորել է Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը»:

Խոսք չկա, իհարկե, կարևոր և խրախուսելի է Հայաստանի պատմության ամենատարբեր ժամանակահատվածներում և բնագավառներում գործունեություն ծավալած հայազգի գործիչների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումը, մանավանդ որ իրենց կյանքի որոշ դրվագներ որևէ կերպ առնչվել են նաև մեր՝ հայաստանյան իրականության հետ: Սակայն եկեք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր հանգամանքի վրա: Երբ տեղադրվում է նմանատիպ հուշատախտակ, կարծում ենք, որ պատվիրատուն նախ պետք է մանրակրկիտ ստուգաբանի այդ հուշատախտակի բովանդակության ճշտությունը՝ հետագայում բազում թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով:

Image may contain: 1 person, text

Օրինակ, երբ նշված հուշատախտակի վրա բառացիորեն գրվում է՝ «Այստեղ 1951-1955 թթ. սովորել է...», ի՞նչ է դա նշանակում: Կոնկրետ այդ շենքի մասի՞ն է խոսքը: Մինչդեռ հայտնի է, մանավանդ հին երևանցիներին, որ Բրյուսովի համալսարանը վերջնականապես այս շենք է տեղափոխվել 1990-ականների կեսերին, և մինչ այդ բուհն իր երկարամյա գործունեությունը ծավալել է լրիվ այլ տարածքներում: Իսկ ահա այս նշված շենքում` Թումանյան 42 հասցեում, խորհրդային տարիներին երկար տասնամյակներ շարունակ տեղակայված էր և բավականին արդյունավետ գործում էր խորհրդային ժամանակաշրջանի մեկ այլ բավականին հայտնի ուսումնական հաստատություն՝ Երևանի Կապի տեխնիկումը:

Վիքիպեդիայի տվյալները մեզ հուշում են, որ երջանկահիշատակ հետախույզն իրոք ուսանել է Բրյուսովի անվան համալսարանում, որն այն ժամանակ դեռ ինստիտուտ էր: Ուրեմն՝ միանշանակ ճիշտ կլիներ, որ այս հուշատախտակի տեքստն ընդամենը ձևակերպվեր հետևյալ կերպ. «Այս բուհում 1951-1955 թթ. սովորել է...»: Թե չէ ստացվում է այնպես, որ Գևորգ Վարդանյանն այդ տարիներին սովորել է Երևանի Կապի տեխնիկումում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել