Էսօր ավարտեցի Հաուսհոֆերի «Սահմանների մասին» աշխատությունը, ցավոք, ինձ հասանելի միակ՝ սարսափելի վատ ռուսերեն թարգմանությամբ: Այնքան վատ, որ հաճախ նախադասությունների իմաստը պետք էր վերծանել՝ շարահյուսությունը փոխելով, ու մտովի նորմալ ռուսերենի վերածելով: Ինչևէ:
Գիրքն այն շարքից է, որը մի օր պետք է դառնա և, վստահ եմ, որ դառնալու է նոր տիպի հայկական վերնախավի ու նոր տիպի հայկական մտավորականության պարտադիր ցանկից, կրթված մարդ համարվելու համար նվազագույն ընթերցանության ցանկից:
Գրքի վերնագիրը՝ «Սահմանների մասին», պետք է արդեն հուշի դրա կարևորությունը Հայաստանի համար: Հայաստանն ունի սահմանների բազմակողմանի և բազմաշերտ խնդիր, փակ սահմաններ, ճակատի վերածված սահմաններ, սահմանամերձ գոտիների խնդիրներ, մի ամբողջ ֆրոնտիր կազմավորում՝ ԼՂՀ-ի խնդիր, խոցելի սահմանների խնդիր, սահմանին կպած ու որևէ բնական խոչընդոտով չպաշտպանված միլիոնանոց մայրաքաղաքի խնդիր, բնակչության անհամաչափ բաշխվածության խնդիր, և այլն, և այլն՝ խնդիրների փունջ, որոնց շուրջ լուրջ մտածելը մեր «վզով» չի, որովհետև մենք ապրում ենք՝ երևակայելով մեզ ինչ-որ օդային տարածքում, այլ ոչ թե կոնկրետ հողում, որի անվտանգությունը մազից է կախված:
Գրքում սահմանի խնդիրը քննարկվում է հնարավոր բազմակողմանիությամբ՝ բնագիտությունից մինչև պատմություն և ռազմա-տեխնիկական խնդիրներ: Թերությունն այն է, որ թեման անսպառ է, իսկ գիրքը՝ բավականին կարճ: Ստացվում են ավելի շատ կարճ էսեատիպ ակնարկներ ամեն ենթաթեմայի շուրջ, քան հիմնարար դիտարկում: Ընթերցողն ինքը պետք է մտովի շարունակի հեղինակի մտքերը:
Գրքի մեթոդն իմ նախընտրածն է՝ ընդհանրացումներ անել ոչ թե ելնելով ֆորմալ ճշմարտություններից կամ տեսություններից, այլ տեսություն դարձնել հենց իրականությունը, էպրիկ նյութը՝ միաժամանակ հաշվի առնելով իրականության բոլոր հակասություններն ու ոչ միանշանակությունը, տարբեր սկզբունքների պայքարը և դրանցից որևէ մեկի ոչ բացարձակությունը:
Հաուսհոֆերի մասին շատ հիմարություններ են ասվել, իհարկե, սովետական և ոչ միայն սովետական գրականության մեջ: Իբր ծավալապաշտության քարոզիչ է, գերմանական իմպերիալիզմի և այլ դմբո քարոզչական հնարներ՝ մարդկանց և տերությունների կողմից, որոնք հենց իրենք են թիվ մեկ ծավալապաշտն ու իմպերիալիստը: Իրականում Հաուսհոֆերի այս և մյուս աշխատություններն ավելի շուտ ձեռնարկ են իրենց իրավունքներում ճնշված, պատմական պարտություններ կրած, աշխարհակալ ուժերի կողմից անարդարությունների ենթարկված ազգերի համար: Հեղինակն ինքն էլ շեշտում է իր մոտեցման համամարդկային արժեքը:
Հ.Գ. Հաուսհոֆերին, բնականաբար, մեղադրել են նաև ֆաշիզմի մեջ: Սա էլ հեշտ հերքվում է այն հանգամանքով, որ նրա տղան, լինելով հակահիտլերյան հուլիսյան դավադրության մասնակից, մահացել է բանտում: