Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անցած հինգշաբթի հայտարարել է. «Եթե Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG-ի)՝ Մանբիջ քաղաքից դուրս գալու շուրջ համաձայնության չգա ամերիկացիների հետ, քրդերը պետք է դուրս գան այդ երկրի հյուսիսային սահմաններից»:
Ինչպես հասկանալի է, խոսքն այս դեպքում ոչ թե YPG-ի և քրդական մյուս կազմավորումների զինյալների մասին է, այլ, ընդհանրապես, քրդերի, ողջ քուրդ բնակչության, իսկ «հյուսիսային սահմաններ» ասելով Չավուշօղլուն նկատի ունի ոչ միայն Թուրքիայի գրաված Սիրիայի Աֆրին քաղաքը, այլև Աֆրինի շրջանն ու յոթ շրջանից բաղկացած Աֆրինի գավառը: Այլ կերպ ասած՝ Չավուշօղլուն պաշտոնապես սպառնացել է տեղահանել Սիրիայի վերոնշյալ հատվածում ապրող քրդերին, այդ կերպ էթնիկ զտում իրականացնել, եթե ԱՄՆ-ն ինքը Մանբիջից չհանի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» զինյալներին կամ կանաչ լույս չվառի դեպի Մանբիջ Թուրքիայի բանակի առաջխաղացման համար:
Չնայած Թուրքիան Աֆրինի գավառում գտնվող քուրդ անզեն բնակչությունից էլ է վտանգ զգում, Մանբիջում գտնվող զինյալ քրդերին ոչնչացնելը կամ նրանց այնտեղից քշելը Թուրքիայի համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան Սիրիայի հյուսիսում քուրդ բնակչությանն առժամանակ հանդուրժելը:
Չավուշօղլուն դեռ անցյալ ամիս ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս գալու կոչեր էր ուղղել, որ նրանք պատահականորեն չընկնեն թուրքական զինուժի հարվածների տակ, ինչին հակադարձելով՝ Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն: Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Փոլ Ֆանքը նույնիսկ զգուշացրել էր, որ եթե Թուրքիայի զինվորականները փորձեն հարձակվել Մանբիջում գտնվող քրդերի վրա, ապա իրենք նույնպես շատ կոշտ պատասխան կտան հարձակվողներին: Չնայած այս զգուշացմանը՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր. «Եթե ԱՄՆ-ը քուրդ աշխարհազորայինների դեմ անհրաժեշտ քայլերի չդիմի, ապա մենք այլ վայրերում, ինչպես, օրինակ, Մանբիջում, անհրաժեշտ քայլերի ենք դիմելու»:
Գրեթե նույն ժամանակ, խոսելով Սիրիայում նախապատրաստվող ռազմական նոր գործողության մասին, Մանբիջի քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա հայտարարել էր, որ Աֆրինը քրդերից մաքրելուց հետո նույն կերպ վարվելու են նաև Մանբիջում: Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել իր զինուժը դուրս բերել Մանբիջի տարածքից:
Չնայած Թուրքիայի ղեկավարության հոխորտալից հայտարարություններին՝ դեռ այն ժամանակ պարզ էր, որ Թուրքիան ու նրա աջակցությամբ քրդերի դեմ կռվող «Սիրիական ազատ բանակը» չեն համարձակվի հարձակվել Մանբիջի վրա` զգուշանալով ԱՄՆ-ի զինուժի հետ բախումից: Այժմ այս իրավիճակում Թուրքիան սկսել է ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական առևտուրը` Սիրիայի հյուսիսում քրդերի մնալու դիմաց Մանբիջը: Եթե այս գործարքը կայանա, ապա Թուրքիան կթաղի Սիրիայում, համենայն դեպս, իր սահմանների մոտ տեսանելի ապագայում քրդական պետության հիմնման հեռանկարը: Ահա թե ինչու է Մանբիջն այդքան կարևոր Թուրքիայի համար, քանի որ Աֆրինը գրավելը Թուրքիայի համար դեռևս լիարժեք երաշխիք չէ, որ քրդերը, այնուամենայնիվ, չեն հռչակի իրենց պետության ստեղծումը:
Անցած հինգշաբթի Թուրքիայի արտգործնախարարը, հերքելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի հայտնածը, ասել էր, որ «Անկարան և Վաշինգտոնը փոխըմբռնման են եկել և ոչ թե համաձայնության հասել Մանբիջ քաղաքի հարցում»:
Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունից 1-2 օր առաջ հակասական տեղեկություններ էին հրապարակվել, որ Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Մանբիջի հարցում: Մասնավորապես` Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ Մանբիջի հարցում համաձայնություն է ձեռք բերվել, սակայն դրանից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն ասել էր․ «Դա ծիծաղելի է, որովհետև ոչ մի համաձայնություն էլ չկա»: Սա` մինչև Թուրքիայի առաջարկած գործարքի վերաբերյալ այդ պետության արտգործնախարարի հիշյալ հայտարարությունը։
Դատելով ամենից՝ Չավուշօղլուի նշած Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցը կայացել է: Սակայն թե ի՞նչ են քննարկել երկու պետությունների ղեկավարները, ԱՄՆ-ի նախագահը համաձայնե՞լ է Անկարայի նոր որոշմանը, ավելի ճիշտ՝ առաջարկին, եթե Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև Մանբիջից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դուրս գալու շուրջ համաձայնություն ձեռք բերվի, քրդերը կարող են մնալ Սիրիայի հյուսիսային սահմաններում, դեռ հայտնի չէ:
Այնուհանդերձ, կա անուղղակի նշան, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ինչ-որ համաձայնություն են ձեռք բերել, ընդ որում՝ բացառված չէ, որ այդ համաձայնությունը լինի Սիրիայի և Ռուսաստանի հաշվին: Այս առումով իրականությունը հայտնի կդառնա մոտ ապագայում, իսկ այն, ինչ այսօր հայտնի է, հետևյալն է. Էրդողան-Թրամփ նախատեսվող հեռախոսազրույցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի մարտի 22-ի հայտարարությունից 2 օր հետո Թուրքիայի պետական «Անատոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները: Համաձայնության բացակայության պարագայում ԱՄՆ Կոնգրեսը դժվար թե Թուրքիային ընդառաջ այդպիսի քայլ կատարեր: Ի՞նչ է խոստացել Թուրքիան ԱՄՆ-ին, որ վերջինս Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների երկարատև լարվածությունից հետո նման քայլի է գնացել, մնում է միայն ենթադրել։