Կարդացի ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրն ու ընդհանուր առմամբ ասեմ, որ դրական տպավորություն թողեց վրաս: Ոճի, մտածողության, ձևակերպված խնդիրների և լուծումների առումով սա անկախ Հայաստանի թերևս եզակի փաստաթղթերից էր, որը խոսում է ոչ թե սովետական և հետսովետական շաբլոն, դատարկաբան, այլ նյութական, կենդանի, բովանդակալից լեզվով: Հատվածների, ձևակերպումների մեծ մասի հետևում զգացվում էր ապրված, մտածված միտք (մտածվա՛ծ միտք՝ պարադոսքալ արտահայտություն, որն իմաստ ունի հետսովետական տարածքում): Իհարկե, անխուսափելի դատարկ տեղերն էլ կային, բայց ես համեմատության մեջ եմ ասում: Սա այն նոր ոճն է, որը կուզենայի տեսնել Հայաստանում ամենուրեք՝ մեզանում ընդունված «զեղումաբանության» փոխարեն, ու ես ուրախ եմ, որ այդ նոր ոճը սկսում է թելադրել բանակը՝ մի կառույց, որ մեր անկախության շրջանի ամենակենսունակ հաստատությունն է: Ինչևէ, ասված գովքի տպավորություն չթողնի․ ձևակերպելը հեշտ է, մնում է ձևակերպածի մի մասը գոնե իրականացված տեսնել: Այ դա իրոք հեղաշրջում կլինի: 

Կոնկրետ դրույթներ կան, որոնք կուզեի առանձնացնել, դրանք շատ են, բայց ես հատկապես մեկը կշեշտեի, մյուսների մասին էլ գուցե մի օր հավես անեմ, խոսեմ: 
«Երկարաժամկետ հեռանկարում բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծում»: Այս՝ կարծես իմիջիայլոց ասված ձևակերպմամբ մի լրջագույն ռազմավարական խնդիր է դրվում: Անցում օդային զուտ պաշտպանողական, պասիվ՝ ՀՕՊ-ը կենտրոնում ունեցող մոդելից լիարժեք օդուժ ունենալու մոդելին: Այս խնդիրը կարող է թվալ նեղ մասնագիտական ինչ-որ բան, բայց իրականում սա Հայաստանի ստրատեգիական խնդիրների թոփ 10-ում, եթե ոչ, 5-ում կարող է լինել՝ ավելի կարևոր, քան խնդիրների 90 տոկոսը, որոնց մասին խոսվում է: Գոնե իմ անձնական կարծիքով այդպես է: Ես մանագետ չեմ, չգիտեմ դրա լուծման կոնկրետ հնարավորությունները, բայց եթե այդ խնդիրը դրվել է, և եթե դա լուծվի, դա կարող է դառնալ հետսովետական Հայաստանից դեպի իրապես անկախ Հայաստան անցման կարևորագույն մի քանի բաղադրիչներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել