Araratnews.am-ը գրում է.

Araratnews.am-ն անդրադարձել է Ստամբուլի «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում  իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելքին ու ներկայացրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Հարություն Խաչատրյանի  տեսակետը:Իրանահայ ռեժիսորը հայտարարել էր՝ ակնկալում է հայ մտավորականության աջակցությունը ֆիլմի արգելքի դեմ պայքարելու համար:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ մտավորականությունն այստեղ անելիք չունի, քանի որ ֆիլմն արգելվել է Ստամբուլի ներքին գործերի նախարարության պահանջով, մինչդեռ փառատոնի կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ ֆիլմը ցուցադրվի. «Հայաստանի արձագանքը պետք է լինի քաղաքական հարթության վրա: Օրինակ, դատապարտող հայտարարությամբ պետք է հանդես գան արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները: Մեր մտավորականությունն ինչքան էլ արձագանքի՝ չի լինի համարժեք պատասխան»:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանի արտաքին գործերի  նախարարությունը, արդյոք դատապարտող հայտարարությամբ հանդես կգա՞: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ արտգործնախարարությունն ու մյուս գերատեսչություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում: «Կինոքննադատներն էլ նման կարծիք հայտնելուց առաջ պետք է հետաքրքրվեն՝ ինչ-որ գործողություններ արվո՞ւմ են, թե՞ ոչ: Լավ կլինի, իրենք իրենց հարթությունում աշխատեն եւ  հորդորեն արտերկրյա իրենց գործընկերներին դատապարտող  հայտարարությամբ հանդես գալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել