Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը փաստորեն «կույր» գտնվեց քաղաքական ներկա լարված իրողությունների հանդեպ և Լոնդոնի «Արսենալին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին կարգեց որպես ապագա մրցակիցներ: Թիմերը հանդիպելու են ապրիլի 5-ին Լոնդոնում և ապրիլի 12-ին Մոսկվայում: «Արսենալի» պաշտոնական կայքն այդ առումով հանդես է եկել իր երկրպագուներին ուղղված հատուկ զգուշացումով, որտեղ ասվում է Մոսկվա ուղևորվելու վտանգավորության մասին:
«Երկրպագուների անվտանգությունը միշտ առաջնահերթ է եղել մեզ համար: Հաշվի առնելով լարվածությունը երկու երկրների միջև՝ դուք պետք է հստակ ընկալեք, որ այս իրավիճակում այնտեղ հնարավոր են հակաբրիտանական տրամադրություններ և ագրեսիվ պահվածք: Խորհուրդ ենք տալիս լինել զգոն, խուսափել ցանկացած բնույթի բողոքներից և ցույցերից, ինչպես նաև քաղաքական թեմաներով հրապարակային մեկնաբանություններից»,- ասվում է այդ ուղերձում: