Դավիթ Հարությունյանի կատարմամբ երեկ մի փառահեղ բենեֆիս խաղարկվեց․ երեք օր հանրային սուր քննադատություններից հետո Դավիթ Հարությունյանն իր ցասումը ցույց տվեց ու խոստացավ նկատողություն անել Հանրային հեռուստաընկերությանը, Հանրայինն էլ միացավ այս բենեֆիսին ու մեծահոգաբար ներողություն խնդրեց կատարվածի առնչությամբ։ Այս ամենը հիասքանչ է, բայց ինձ երկու հարց է հուզում։

Նախ՝ հազար ներողություն, պարո՛ն Հարությունյան, ասածս թող կոպիտ չհնչի, բայց Դուք ո՞վ եք, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը նկատողություն անեք։ Հարցիս մեջ ոչ մի հեգնանք չկա, ուզում եմ հասկանալ, թե սուբորդինացիոն ո՞ր մեխանիզմով է, որ թեկուզ պետական, բայց մեդիայի խոշորագույն խաղացողին նկատողություն կարող է անել ինչ-որ քաղծառայող՝ թեկուզև նախարարի մակարդակի, որի անմիջական ենթակայության տակ չէ այդ հեռուստաընկերությունը։ Դուք կարող եք քաղաքացիական ու մարդկային դիրքորոշում հայտնել, դուք կարող եք ի պաշտոնե մտահոգություն հայտնել կամ էլ նախատեսված կարգով բողոքել համապատասխան ինստանցիաներին, բայց նկատողություն անե՞լ։ Արդյո՞ք դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ։

Երկրորդ բանը, որը հուներից հանում է ինձ․ այդ ինչպե՞ս եղավ, որ առաջատար լրատվամիջոցները, մեդիա դաշտի լուրջ խաղացողները լուրջ խնդիրներ են ունենում տվյալ հաստատությունում նկարահանումներ իրականացնելու համար, իսկ այ ժամանցային երեկոյան հաղորդման, կարելի է ասել, մանկահասակ աղջնակի ակնհայտ ցանցառ ռեպորտաժն «օքեյ» ստացավ։ Լո՞ւրջ։ Դուք էլ, կարծես թե, առաջադեմ հայացքներով նախարարներից եք։

Բացատրե՛ք նվաստներիս, թե այդ ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում նման թույլտվություններ տալիս, ո՞վ կամ ովքե՞ր են նման թույլտվություն տալիս ու տալուց հետո ինչո՞ւ չեն վերահսկում արդյունքը, որ հետո էլ դուք այնքան եք բարկանում, որ Հանրայինի ղեկավարությանը նկատողություն եք անում։ Մի տեսակ հեչ սիրուն բան չստացվեց։ Թույլտվությունը տրվում է, եթերը հեռարձակվում է, հետո, երբ տեսնում են, որ երկու օր հանրային վրդովմունքը չի դադարում, ազնիվ ասպետի դեմքով միանում են խարազանմանը՝ տակտիկ լռելով, որ Արուսիկի ռեպորտաժը հնարավոր չէր լինի, եթե անհասկանալի չափորոշիչներով առաջնորդվող Արդարադատության նախարարությունը սկզբում չտար համապատասխան թույլտվություն, հետո էլ տեր չլիներ իր որոշմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել