Ռուս-բրիտանական հակամարտությունը նոր փուլ է մտնում, որտեղ մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Խնդիրն այն է, որ Բրիտանիան այն երկրների շարքում է, որոնք սովորաբար իրենց հարաբերություններն աշխարհաքաղաքականության մեջ փորձում են կառուցել հնարավորինս մեղմ ու առանց աղմուկի՝ շատ ժամանակ ընկալվելով որպես գեոպոլիտիկ հարցերի կարգավորման կուլիսային կարդինալ։
Ռուս-բրիտանական հարաբերությունների այս փուլը բացահայտ առճակատման բնույթ է կրում։ Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել ռուսական իշխանություններին՝ նրանց հատուկ ծառայություններին մեղադրելով Բրիտանիայում բնակվող, ազգային անվտանգության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ։ Նման հարաբերությունների փորձ Բրիտանիան ու Ռուսաստանն ունեն՝ հաշվի առնելով ռուսական ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը, ով 2000-ականների սկզբներին ապաստան էր գտել Լոնդոնում՝ փախչելով ռուսական իշխանություններից։ Ըստ բրիտանական պաշտոնական կողմի՝ նա թունավորվել է պոլոնիում տեսակի հեղուկով, սակայն ռուսական կողմը կտրականապես հերքում է իր մասնակցությունը դրան։ Ինչևէ։
Հարցն այն է, թե ինչու են ռուս-բրիտանական հարաբերությունները վերջին շրջանում այսքան վատթարացել, այն աստիճանի, որ Թերեզա Մեյն Բրիտանիայից արտաքսում է 23 բարձրաստիճան ռուս դիվանագետների ու չեղարկում Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Լոնդոն։ Ավելին՝ Մեյը դեմ չէ, եթե Անգլիայի ազգային հավաքականն ի նշան բողոքի չմեկնի Ռուսաստան ու չմասնակցի ֆուտբոլի՝ 2018 թվականի աշխարհի առաջնությանը։ Հաշվի առնելով, որ այս մոտեցումը պաշտոնապես ողջունել է Մեծ Բրիտանիայի հավատարիմ դաշնակից ԱՄՆ-ն, ապա կարող ենք եզրակացնել, որ սա Ռուսաստանի նկատմամբ հստակ բացասական վերաբերմունքի նոր արտահայտչամիջոց է արևմուտքի կողմից։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում ցուցադրել էր ռուսական արտադրության նոր բալիստիկ հրթիռների գլխիկների քանակներ, որոնք ունակ են խոցելու աշխարհի յուրաքանչյուր կետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ցանկացած կետ։ Սա դժգոհություն է առաջացրել արևմուտքում, ու դրա մասին բացահայտորեն հայտարարում է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև նրա դաշնակից Մեծ Բրիտանիան։