2rd.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, քանի որ ըստ իր նախապես ծրագրավորված օրակարգի գտնվելու է արտերկրում:

– Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը:

– Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում:

– Մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին:

Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը:

– Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը:

– Եվս մեկ հարց՝ կապված հայտնի «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցման վերաբերյալ: Չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ երկրորդ նախագահը այս կապակցությամբ հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ: 

– Ոչ: Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել