Մեկ ամսից ՀՀ-ն վերջնականապես անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի: Այս առիթով ներկայացնենք խորհրդարանական կառավարման համակարգում ներառված մի քանի ռիսկային դրույթներ:
Ֆիքսենք, որ նախ՝ պառլամենտարիզմը ենթադրում է զարգացած, կայուն, որոշակի գաղափարախոսական հենքով և ընտրազանգվածով կուսակցությունների առկայություն: Ընդ որում՝ բազմաթիվ կուսակցությունների առկայությունը, առաջին հայացքից թվալով ժողովրդավարության դրսևորում, իրականում խանգարում է իրական խորհրդարանական համակարգի կայացմանը:
Կայուն խորհրդարանական համակարգի գոյության համար, որի շրջանակներում կառավարությունը կունենա կենսունակության գոնե նվազագույն երաշխիքներ, հարկավոր է ունենալ ոչ ավելի, քան 3-5 կուսակցություն, ինչը կբացառի պառլամենտական անվերահսկելի ֆրակցիոնիզմը, անկայուն կոալիցիաները և որպես հետևանք՝ կառավարության հաճախակի փոփոխությունները: Հակառակ պարագայում, եթե տեղի չունենա կուսակցությունների խոշորացում և գաղափարական որոշակիացում, ապա խորհրդարանական կառավարումը կարող է քաղաքական համակարգն ընդգրկել ճգնաժամերի տեղապտույտի մեջ, որի արդյունքը կլինի միակուսակցական համակարգի հաստատումը: Հայաստանի պարագայում այս վտանգն իրական է այնքանով, որ իշխող ՀՀԿ-ն տիրապետում է ահռելի քաղաքական և տնտեսական ռեսուրսների, այնինչ մյուս կուսակցություններն ինստիտուցիոնալ առումով դեռ փնտրտուքների մեջ են, և եթե իրավիճակն այսպես պահպանվի, ապա 2022թ. ՀՀԿ-ն կարող է էլ ավելի ընդլայնել իր ներկայությունը խորհրդարանում:
Հաջորդ ռիսկային հարցը, որը կարելի է մատնանշել պառլամենտական համակարգում, վարչապետի ընտրության հարցն է: Փոփոխված Սահմանադրությամբ վարչապետը փաստացի հանդիսանում է թիվ մեկ պաշտոնյան և ունի ընդարձակ լիազորություններ: Այս իմաստով խիստ կարևոր է, թե ինչպիսի չափանիշներով է ընտրվելու կառավարության ղեկավարը: Սահմանադրության համաձայն՝ նախագահի կողմից անհապաղ վարչապետ է նշանակվում խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված ցանկացած թեկնածու՝ անկախ նրա՝ մեծամասնության ընտրական ցուցակը գլխավորելու կամ առնվազն դրանում ընդգրկված լինելու հանգամանքից: Ըստ էության, վարչապետ կարող է նշանակվել նաև հանրությանն անհայտ կամ հասարակության վստահությունը չվայելող անձ, եթե նրան առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը: Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգերի զգալի մասում վարչապետ է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարը, կամ առնվազն պահանջվում է, որ վարչապետի թեկնածուն լինի խորհրդարանի անդամ:
Հայաստանի նման պետություններում, որտեղ սահմանադրական համակարգը դեռևս կայացման փուլում է, հստակեցված չեն քաղաքական պայքարի ժողովրդավարական կանոնները քաղաքական համակարգի սուբյեկտների միջև, սահմանադրական մշակույթը բավարար մակարդակի վրա չէ, Սահմանադրությամբ կամ սահմանադրական օրենքով վարչապետի նշանակման հարցում քաղաքական ուժերին և խորհրդարանին ազատ հայեցողության տրամադրումը կարող է հանգեցնել խորհրդարանի, վարչապետի և ամբողջ Կառավարության հանրային հաշվետվողականության նվազմանը: Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, որի կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնում, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի համար, որ այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:
Ռիսկերից առանձնացնենք նաև քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների հարցը. ներկայիս մակարդակի և հարաճուն արտագաղթի պայմաններում քաղաքական համակարգը զրկվում է իր ամենակարևոր ռեսուրսից՝ մարդուց, նոր կարող սերնդից, որը թարմ արյուն կներարկի քաղաքական դաշտին՝ նոր անհատների, նոր կուսակցությունների տեսքով, որոնք կարող են մրցակցել իշխող ուժի հետ: Եթե քաղաքական համակարգն էական բարեփոխման չենթարկվի, և չստեղծվեն իրական, գաղափարական կուռ կուսակցություններ, ապա ՀՀ-ում օբյեկտիվորեն կձևավորվի կուսակցապետություն, քանզի երկրում կվերանա ժողովրդավարության շարժիչ ուժը համարվող հասարակական-քաղաքական այլընտրանքը:
Հայաստանում հաստատվող խորհրդարանական կառավարման համակարգի ևս մեկ ռիսկ կարելի է առանձնացնել պաշտպանության ոլորտի և զինված ուժերի կառավարման աստիճանակարգության նոր մոդելը: Հարկ է նշել, որ զինված ուժերի համակարգի կառուցակարգային փիլիսոփայությունն ուղղակիորեն այդքան էլ չի առնչվում կառավարման համակարգի ընտրության հետ և, որպես կանոն, ունի իր ուրույն տրամաբանությունն ու սկզբունքները՝ այլ պետական ինստիտուտների համեմատությամբ առավել բարձր կենտրոնացվածություն, իր գործունեության բնույթով պայմանավորված՝ հրապարակայնության ոչ բարձր աստիճան, ապաքաղաքական կարգավիճակ և այլն: