«Արա՜, գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր». այսպիսին էր ՀՀ ոստիկանապետի արձագանքը Գյումրիում վերջերս տեղի ունեցած հերթական միջկլանային, միջքաղաքական ընդհարման առիթով, որն, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահացու ելք ունեցավ։ Հաշվեհարդար-ընդհարման երկու կողմերում Հայաստանի քաղաքական էլիտան ներկայացնող ոչ անհայտ անձինք են։
Այն, որ վաղուց արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին ասոցացվում է հանցագործության, անպատժելիության, հաշվեհարդարների, միջկլանային բախումների ու բռնության հետ, նորություն չի։ Նորություն չի նաև այն, որ վաղուց բռնությունն ու զոռբայությունը մեր իրականության և հատկապես քաղաքական իրականության անբաժանելի մասն են կազմում, և այս իմաստով Գյումրին առանձնացնել որպես օազիս, այնքան էլ արդար չի լինի։
Քաղաքական էլիտայի ու բռնության անբաժանելությունն ու նրա տխուր համբավը մեր իրականությունում այլ աշխարհագրություններ էլ ունի, օրենսդիրում և գործադիրում բազմաթիվ հայտնի «հերոսներ» ունենք, որոնց անուններն ու նրանց անվան հետ կապված սկանդալային պատմություններն անպակաս են հայրենի լրատվամիջոցների էջերից։
Ըստ էության, Հայաստանում որևէ քաղաքական գործընթաց առանց բռնության չի ուղեկցվում։ Կրակոցները, ծեծուջարդը, քվեատուփերի գողանաը, լցոնումներն ու պարզապես մարդագողությունը մեր «ժողովրդավարացման» անբաժան ցուցիչներն են, և, անխուսափելիորեն, մեր իրականությունն արտացոլող տարբեր միջազգային զեկույցների առարկա։
Արդար չի լինի նաև բռնությունը սոսկ քաղաքական գործընթացների հետ կապելը, որովհետև այն այլևս գրեթե համատարած սոցիալական, ինստիտուցիոն բնույթ է կրում, շատերի համար դառնալով հոգեվիճակ կամ կենսակերպ՝ դպրոցից մինչև բանակ ու փողոց։
Ու, թեև բռնությունը բոլոր ժամանակներում է եղել, բայց այն առավելապես բնորոշ է քաղաքական այն մշակույթներին, ուր էլիտան (քաղաքական, մշակութային և այլ) չի կարևորում կամ չի գիտակցում բարոյականության և արժահամակարգի դեգրադացման վտանգավորության աստիճանը։
Երբեմն, քաղաքական «պրագմատիկներին» կարող է թվալ, թե բռնությունը իշխանություն պահելու կամ ունենալու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն է։ Թերևս կարճ, բայց ոչ արդյունավետ, որովհետև բռնության սիստեմատիկ կիրառումը ջլատում է հասարակությունը, քայքայում նրա բարոյական հիմքերը, հանրային վստահությունը, համերաշխությունն ու իրավական հարաբերությունները։
Մեր՝ Հայաստանի պարագայում այն սոսկ ֆիզիկական բնույթ չի կրում, թեև երբեմն լրահոսում հանդիպող սահմռկեցուցիչ պատմություններից տպավորություն ես ստանում, թե վաղ միջնադարյան, մեզ ներշնչված ազգիդ հավաքական կերպարի հետ կապ չունեցող հասարակությունում ես ապրում։ Համատարած անօրինականությունը, խաթարված իրավունքները, հանրային շահի ստորացումն ու ոտնահարումը, սոցիալական անարդարությունը մարդ-քաղաքացու անարժեքության մշտական հարուցիչներ են՝ վավերական ու աննահանջ։ Իսկ մենք սրա համար շատ բարձր գին ենք վճարում։
Հայաստանից գնալով ահագնացող արտագաղթի հիմնական մոտիվացիան հենց անպետք, չարժևորված, չպաշտպանված մարդն է, ու որքան էլ փորձենք աներևույթ 7%-անոց տնտեսական աճով մխիթարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հայրենիքից հեռանալու թերևս գլխավոր պատճառը չհատուցվող հավատարմությունն է, սեփական խնդիրների ու վաղվա օրվա հետ մեն-մենակ մնալու հեռանկարը, զոռբայության ու ցինիզմի առջև անկարողությունը։
«Այս բարքերը հեռանկար չունեն». բարձրաձայնում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե կամ սոցիալական կարգավիճակի բերումով քաղաքական էլիտան են կազմում ու պատասխանատու են հասարակություն ներմուծված ու պարտադրվող կեղծ կամ իրական արժեքների (այլևս նշանակություն չունի) դեգրադացման համար։
«Գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր». այս հռետորական ու միևնույն ժամանակ մեր հանրային ֆիզիոլոգիան երևակող բանաձևը կարելի է անվերապահորեն տարածել մեր երկրում գործող բոլոր ինստիտուտների վրա, որովհետև խաղի կանոնն ու «գողական» փիլիսոփայությունը համատարած է, կեղծ արժեքներն ու կեղծ հերոսները՝ հարկի….
Քաղաքական ու բարոյական բարեփոխումների հրամայականը կախված է օդում, մեր զարգացման հեռանկարը միայն արժեքային հեղափոխությամբ է հնարավոր։
Իսկ մինչ այդ գրեթե բոլոր մասսայական լրատվամիջոցներով աղավաղված բարքեր ու աղավաղված լեզու (նույնն է թե մտածողություն) է հորդում՝ նվաստացնելու չափ սրելով «գողակա՞ն եք, թե՞ պատգամավոր» բանաձևի հրամայականը։
Որքանո՞վ կտարածվի առհասարակ քաղաքական դաշտի վրա այս դիլեման, ցույց կտա ժամանակը, այդ թվում նաև մայիսի 5-ը։
Իսկ մինչ այդ շատ պարզ ճշմարտություն Բերտրան Ռասելից. «Մարդկանց կարելի է ղեկավարել ոչ թե բռնությամբ, այլ իմաստնությամբ։ Այն իմաստնությամբ, որ մարդու թե ներքին, թե արտաքին պահանջը աշխարհում երջանիկ ու ինքնաբավ ապրելն է։ Հետևաբար, իշխանության խնդիրը ոչ թե հասարակությունը հակամարտող խմբերի բաժանելն է, այլ հանրային համախոհությամբ միավորելը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/473251866084766?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել