Շաբաթը բացեց հարևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հղած իր ուղերձով, որում հայերին ֆաշիստ և օկուպանտ անվանեց: Փառք Աստծո նիստին ներկա էին նաև մեր պատվիրակները և «արժանի» պատասխան տվին Ալիևին: Մերոնք Եվրանեսթի կազմակերպիչներից ոչ միայն պահանջեցին գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին, այլև ոտքի վրա մի բոցաշունչ նամակ պատրաստեցին և բաժանեցին ներկաներին: Վեհաժողովի մասնակիցները չէին հասցրել ուշքի գալ մերոնց սրտառուչ տեքստերից, մեկ էլ  հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անակնկալ հառնեց նստատեղից և իր պատասխանով Ալիևների վերջին քսան տարվա հակահայկական պրոպագանդայի վերջակետը դրեց՝ հայտարարելով, որ Ալիևի ելույթը մեր պատվիրակության կողմից ուղղակիորեն անընդունելի է: Այս հակահարվածից հետո քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած բժիշկ Ալիևի համար կաթված կկանխատեսեր, բայց ինչպես պարզվեց Ադրբեջանի նախագահը իր ելույթից հետո մազապուրծ լքել էր դահլիճը: 

Ալիևը դեռ չէր հասցրել Եվրոպայից քաղաքական ապաստան խնդրել, մեկ էլ վրա հասավ հաջորդ հակահարվածը, այս անգամ «Հայոց արծիվների» ղեկավար, ազատ ժամանակ նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանից, ով 5 օր ժամանակ տվեց Ալիևին` «արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովրդից» ներողություն խնդրելու համար: Իսկ այս պահանջը չկատարելու դեպքում Ասրյանը սպառնաց, որ ֆյուրեր Իլհամը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ, այլապես նա կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ և ամենանողկալի նախագահը, այլև կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»: Ալիևի ներողությունն ուշացավ, անհամբեր հայ բլոգերներն էլ նրա համար ցանկալի պարուհու անվճար ֆոտոսեսիա կազմակերպեցին:  Ինչպես սպասվում էր Ադրբեջանում ծավալվող զարգացումներին հայկական բլոգոլորտը բավական բացասական արձագանքեց: Մասնավորապես ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Զոհրաբ Եգանյանը այս միջադեպը նմանեցրեց Արշակ թագավորի և Շապուհի ավանդազրույցին, երբ Շապուհի վրանի մի մասում լցվում է հայկական, մյուս մասում` պարսկական հող և հայոց արքան իրեն տղմարդավարի է պահում միայն հայկական հողի վրա:

Շաբաթվա ընթացքում բավական ակտիվ էր Մաշտոցի պուրակը: Այս շաբաթ էլ պուրակից հարցազրույցների, տեսահոլովակների և թարմ նկարների պակաս կարծես թե չզգացինք: Այդ հոլովակներից մեկը տեսնելուց հետո բլոգեր Փիղը գրեց. «Լուրջ կասկածներ ունեմ, որ Մաշտոցի պուրակի էս նոր «հերոսները» Վովայի համար են աշխատում: Ինչքան նայում եմ սա էնքան տպավորությունս ուժեղանում ա, որ ոստիկաններն ու էս կասկաներովները թատրոն ա ու բեմականացման իրենց դերերն են հաջողությամբ խաղում: Հլա մի ուշադիր նայեք: Ոնց որ հորողբոր տղերք խոսան :)» 

Ողջ շաբաթվա ընթացքում չէին դադարում ընտրակաշառք չվերցնելու մասին համացանցի ակտիվիստների կոչերը: Բայց այդ կոչերին հավասար ոգևորությամբ էլ թեկնածուներն ու կուսակցությունները թիկունքում նախընտրական բարեգործությամբ էին զբացվում: Ողջունելի է, որ ֆեյսբուքցիներն անընդհատ արձագանքում էին իրենց կաշառելու փորձերին և նման ցանկացած նախաձեռնություն շատ արագ բացահայտում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընտրակաշառք ասեցի, հիշեցի: Ապրիլի չորսին տեղի ունեցավ ՕԵԿ-ի կանանց միության 7-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը այնքան հուզվեց, որ Արթուր Բաղդասրյանին սրբերի շարքը դասելու փոխարեն դասեց կանանց շարքը: «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ում կանայք շատ են, որովհետև գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին»,- նշեց Բիշարյանը և, դիմելով ներկաներին, հարցրեց` ճի՞շտ եմ ասում: Այս սայթաքումը ողջ բլոգոլորտի ուրախության առարկան դարձավ: Իսկ այս թեմայով արված կատակների թոփ տասնյակը գլխավորում էր «Արթուր Բաղդասարյանը հավատաց և փոխվեց» կատակը:

Շաբաթը փառավորվեց հայկական երկրորդ սեքս ծառայություններ առաջարկող կայքի բացումով: Չնայած այս մեկին էլ երկար գոյատևել չհաջողվեց, բայց ոլորտում ակակնկալ ակտիվությունը և դաշտը կարգավորելու տնտեսվարողների անհագ ցանկությունը անուղղակիորեն հուշեցին, որ մարմնավաճառությունը չօրինականացնելու մասին նախկինում հնչած թեզերը որոշակի վերանայման կարիք ունեն: Եթե ինձ թույլ տամ բլոգոլորտի կարծիքի մասին պատկերացում կազմել BlogNews.am-ում տեղ գտած համապատասխան հոդվածին արված մեկնաբանություններից, ապա պետք է նշեմ, որ համացանցում մարմնավաճառության օրինականացմանը մեծամասամբ կողմ են և գտնում են, որ սա միջոց է լրացուցիչ գումարներ բյուջե ներգրավելու:

 

 

 

 

 

Նորելուկ ԲՀԿ-ական Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը ստորագրեցին առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձևավորելու մասին հայտարարությունը: Չնայած շտաբի ստեղծման նպատակը բավական բարի էր՝ մայիսի 6-ին ՀՀ-ում ապահովել ազատ և արդար ընտրություններ, սակայն հայտարարության տակ հրաժարվեց ստորագրել հանդիպմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով, որ նման հանձնաժողով ԱԺ-ում արդեն կա:  ՀՀԿ-ի նման միջոցառումներին չմասնակցլու և իրեն մյուսներից զատելու ֆոնին բավական հետաքրքիր նայվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած հետևյալ գրառումը` «Հայկական նախընտրական գլուխկոտրուկ. Один - за всех, и все - против одного :)»: Կարծում եմ եթե ՀՀԿ-ն շարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած ներկա գործելավոճին все - против одного վիճակից դժգոհող ՀՀԿ-ականների թիվը առաջիկայում կաճի:

Շաբաթվա ընթացքում չէին դադարում ՀՀ ոստիկանության հրապարակված ընտրողների ցուցակներից դժգոհությունները: Անունների կրկնություն, առանց ծննդյան օրի և ամսաթվի ընտրողներ և իհարկե հանգուցյալներ ցուցակներում: Այս թեմայով համացանցում տեղ գտավ «Խորհրդարանական ընտրություններ 2012՝ ևս մեկ առիթ հիշելու հանգուցյալներին» տեսահալովակը, որը բավական մեծ արձագանք գտավ:

 

 

Շաբաթվա ընթացքում քննարկումների մեծ ալիք բարձրացրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, որ, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ, Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել նոր կայանի կառուցման համար: Բլոգոլորտի բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ տարբեր էին.  Մի մասը տարակուսում էր ռուսների հետ ևս մի թելով կապվելու մտքից, մյուսը նորությունն ընդունեց որպես լրացուցիչ մի քանի միլիոն բյուջե ներգրավելու միջոց, մյուսներն էլ սա ընկալեցին, որպես ապահովության կայուն երաշխիք: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ իշխող էր այն տեսակետը, որ ռուսները դժվար թե լրացուցիչ գումար հատկացնեն նոր կայան կառուցելու համար և նրանց՝  Ադրբեջանի հետ համաձայնության գալն ավելի իրատեսական է: 

Շաբաթը մեզ ոչ միայն լավ արևոտ եղանակ բերեց, այլև նոր նստարաններ քաղաքի կենտրոնի համար, Կասկադ համալիրի համար էլ՝ նոր արձան: Բլոգոլորտի երևանաբնակ հատվածը նոր ձեռքբերումները ծափողջույններով ընդունեց:

 

 

 

Իսկ շաբաթվա վերջին օրերը տոնական էին՝ մայրության և գեղեցկության տոնը, ապա Սուրբ Զատիկը: Չնայած այս տարի էլ ֆեյսբուքյան թագադրումներից խուսափել չկարողացանք, այնուամենայնիվ դա չխանգարեց ֆեյսբուքցիներին ինչպես հարկն է ուրախանալ և սրտանց շնորհավորել միմյանց:

 

 

 

Շաբաթվա վերջին օրը մեկնարկեց ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցություններն ու քաղաքական գործիչները մեկ ամիս ունեն հանրությանն իրենց նախընտրական ծրագերրին ծանոթացնելու և իրենց ընտրելու կոչ անելու համար: Քարոզարշավի առաջին օրը բավական բուռն կերպով սկսվեց. Կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական հոլովակները, իսկ քաղաքական գործիչների պաստառները պատեցին քաղաքի փողոցները: Դե ինչ, մնում է միայն հաջող քարոզարշավ մաղթել ընտրությունների բոլոր մասնակցիներին և ներկայացնել մինչև քարոզարշավի սկիզբը BlogNews.am-ում տեղ գտած հարցման արդյունքներն այն մասին, թե, որ քաղաքական ուժին կտային մեր ընթերցողներն իրենց ձայնը, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այսօր: Խոստանում ենք նմանատիպ ևս մեկ հարցում կազմակերպել ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ՝ պարզելու, թե քարոզարշավը որքանով ազդեց ընտրողների կարծիքի վրա: Հարցմանը մասնակցել է BlogNews.am-ի 5000-ից ավելի ընթերցող, իսկ այսօրվա դրությամբ պատկերը հետևյլան է՝ ԲՀԿ-32%, ՀՀԿ-22%, ՀԱԿ-11%, ՀԿԿ-9%, Ժառանգություն-8%, ՀՅԴ-8%, Օրինաց երկիր-1%, Միավորված հայեր-1%, ՀԴԿ-0%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել