Վրաստանն ուժեղացնում է իր ռազմական ներուժն ու ավելացնում ռազմական բյուջեն։ Այդ մասին հայտարարել է Աբխազիայի ՊՆ-ի հետախուզության պետը։
Նա նշել է, որ նկատվում է դեպի Վրաստան զենքեր և զինտեխնիկայի առաքումների ակտիվացում։ Վրաստանը Ֆրանսիայից գնել է ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև հակատանկային համալիրներ։ Ըստ նրա՝ 2018թ.-ի Վրաստանի ռազմական բյուջեն ՆԱՏՕ-ի չափանիշներից ելնելով հասցվել է ՀՆԱ-ի 2,2%-ի։ Այն կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար։
Աբխազիան ու Հարավային Օսիան ՌԴ-ի հետ ունեն ռազմական ու ռազմա-քաղաքական պայմանագրեր։ Մոսկվան երաշխավորում է այդ տարածաշրջանների անվտանգությունն ու անկախությունը։ Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված են ռուսական զորքեր, սահմանները հսկում են Անվտանգության դաշնային ծառայության զորքերը։ Բացի այդ՝ նոր պայմանագրերով Հարավային Օսիայի ու Աբխազիայի անվտանգային համակարգը միավորվում է ՌԴ-ի անվտանգային համակարգին։ Հարձակում Սուխումիի և Ցխինվալի վրա կնշանակի հարձակում ՌԴ-ի վրա` այստեղից բխող բոլոր ռազմական հետևանքներով Վրաստանի համար։
Մոսկվան թույլ չի տա 2008թ.-ի կրկնություն։ Այդ անգամ պատասխանը կլինի էլ ավելի հզոր, քանի որ ռուսական բանակը լրջորեն արդիականացվել ու հզորացվել է նոր զինտեխնիկայով, այդ թվում՝ Հարավային ռազմական շրջանը, որի հարևանությամբ են գտնվում Աբխազիան ու Հվ. Օսիան` կազմելով այդ շրջանի անվտանգային ընդհանուր համակարգի տարրերը։
Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումն ԱՄՆ-ՌԴ փաստացի «սառը պատերազմի» պայմաններում կարող է Վրաստանը դարձնել proxy war-ի տարածք, այդ երկու գերտերությունների շահերի բախման գոտի, ինչպես դա եղավ Սիրիայում, Ուկրաինայում և հնարավոր է՝ նաև տեղափոխվի այլ տարածաշրջաններ։
Վրաստանը ՌԴ-ի հետ զարգացնում է տրանսպորտային-էներգետիկ նախագծեր, Կարասին-Աբաշիձե ֆորմատը շարունակում է գործել։ Հումանիտար, տնտեսական որոշակի կապեր են ստեղծվել վրացական գործող կառավարության օրոք, սակայն ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի», ռազմական օգնության ու ՆԱՏՕ անդամակցելու 100%-ոց երաշխիքներ ստանալու պարագայում հնարավոր է Թբիլիսին, կրկնելով Սահակաշվիլիի սխալ հաշվարկը, փորձի գնալ աբխազական ու օսական հարցերի ռազմական լուծմանը, սակայն դա կհանգեցնի միայն նոր տարածքների կորստի։ ԱՄՆ-ն Վրաստանի համար չի պատերազմի միջուկային տերություն ՌԴ-ի դեմ, իսկ Վրաստանին ռազմական պարտությունն աբխազական ու օսական թատերաբեմերում կբերի պետության էթնիկ-կրոնական սահմաններով մասնատման, ինչին այդքան ձգտում ու սպասում են Թուրքիան ու Ադրբեջանը` Աջարիան, Քվեմո-Քարթլին իրենց միացնելու ու Ջավախքը հայաթափելու միջոցով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով նոր թյուրքական, մահմեդական միջանցք ստեղծելու ու ՀՀ-ն ՌԴ-ից վերջնական կտրելու նպատակով։