«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «2008թ. մարտի 1-ի գլխավոր հանցագործու­թյունը, բնականաբար, 10 հոգու սպանությունն է: Կիսում եմ հարազատների ցավը և կարծում եմ, որ այդ հանցագործությունը հնարավոր է բացահայտել: Բայց ենթադրենք (միայն ենթադրենք), որ հնարավոր չէ: Իսկ հնարավո՞ր է ստու­գել՝ արդյոք մարտի 1-ի լուսադեմին մարդկանց վրա հարձակվելն արդարացվա՞ծ էր, չէ՞ որ պարզ էր, որ իրավիճակն աստիճանաբար գնում է լիցքաթափման, և Ազատության հրապարակում քնած մարդիկ որևէ մեկի համար վտանգ չէին ներկայացնում: Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ արդարացված էր, արդյոք ոստիկանու­թյան գործողություններն իրավաչա՞փ էին:
 
Հնարավոր չէ՞ պարզել, թե ովքեր են ձերբա­կալվել մարտի 2-ին և հետագա օրերին: Արդյոք այդ բոլոր մարդիկ կապ ունեի՞ն «զանգվածային անկարգությունների» հետ, դարձյալ՝ եթե ընդու­նենք, որ դրանք եղել են:
Արդյոք մի քանի տասնյակ մարդու ձերբակալությունը պայմանավորված չէ՞ պարզապես նրանով, որ նրանք ղեկավարում էին ընդդիմադիր թեկնածուի նա­խընտրական շտաբը: Արդյոք բոլոր դատվածնե­րը կատարե՞լ են իրենց մեղսագրվող արարքները:
 
Բնականաբար, ինձ հուզող խնդիրներից մեկը 2008թ. մարտի 1-ից 20-ը պետական գրաքննություն մտցնելն էր (բարեբախտաբար, վեր­ջին լսումների ժամանակ դրա վրա ուշադրու­թյուն դարձրեց գործընկերներից Լևոն Բարսեղյանը): Գրաքննությունը Հայաստանում արգելված է թե՛ նախորդ և թե՛ գործող Սահմանադրու­թյամբ: Իսկ որ դա գրաքննություն էր՝ ակնհայտ է. ի՞նչ է նշանակում պարտավորեցնել լրատվամիջոցներին տալ միայն պաշտոնական տեղե­կատվություն: Այս պարագայում դա արդեն լրատվամիջոց չէ՝ պաշտոնական հաղորդագրու­թյունների թերթիկ է: Ի՞նչ է նշանակում տպա­րանում «կագեբեշնիկ» նստեցնել, որը ստուգում է թերթի բովանդակությունը, և կա՛մ թույլ է տա­լիս, կա՛մ արգելում է տպագրել թերթը: Ի՞նչ է նշանակում արգելել պրովայդերներին տարածել լրատվամիջոցի համացանցային պարունակությունը: Ինձ թվում է՝ գրաքննությունն այլ կերպ չի լինում: Իսկ դա իր հերթին Սահմանադրության կոպիտ խախտում է:
 
Ուզում եմ ասել՝ Մարտի 1-ի հետ կապված, բացի բուն սպանությունների բացահայտումից, կան բազմաթիվ այլ հարցեր: Այդ հարցերը, բնականաբար, Ազգային ժողովի շոուներով չեն լուծվի: Դա բացարձակապես այլ ժանրի միջոցա­ռում է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ որևէ մեկին մեղադրել «պայմանավորված խա­ղի» մեջ: Մտքովս անգամ չի անցնում»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել