Հայ-թուրքական սահմանի հսկողության ուժեղացումն էրդողանական նախահարձակ քաղաքականության հերթական դրսևորումն է, որի հասցեատերը, որքան էլ դա տեղի ունենա մեր անմիջական սահմաններին, ուժային կենտրոններն են:

Թուրքիան այսօր մի կողմից ունի ահաբեկչության դեմ պայքարում առաջատարի դիրքերը գրավելու հավակնություններ, մյուս կողմից՝ ահաբեկչություն ծնողի վատ համբավը մաքրելու հույժ անհրաժեշտություն: Երևում է՝ այս կամ այն երկրի կամ ուժային կենտրոնի ղեկավարներին «մատ թափ տալու» արդեն զավեշտի մակարդակի հասած հայտնի սովորությունը փոխելու միտումներ կան, իսկ դրանց «ամենաանմեղ» հարթակը հենց հայ-թուրքական սահմանն է (թուրքական կողմից արդեն տարածվել է պաշտոնական բացատրություն, որ սահմանային այդ միջոցառումներն ուղղված են ահաբեկիչների՝ Հայաստանի հետ սահմանը հատելու բացահայտված դեպքերի կրկնությունների դեմ):

Մյուս կողմից՝ Հայաստանն է համաշխարհային հանրության համար հետզհետե ընկալելի դառնում որպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող, համագործակցության հաջողակ փորձ ունեցող երկիր: Չի բացառվում, որ թուրքական իշխանությունների նմանօրինակ քայլերն ուղղված են վարկաբեկելու Հայաստանի տրանզիտային դրական կարգավիճակը:

Եվ, ի վերջո, ընդամենն օրեր առաջ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ երևան հանեց հայ-թուրքական արձանագրությունների ներկայիս ճակատագրի մեղավոր կողմին։

Միանշանակ է, որ Եվրամիության հետ համագործակցության խորացմանը ձգտող Թուրքիայի համար նմանատիպ միջոցառումները միակողմանի փակ սահմաններին է՛լ ավելի կհեռացնի «եվրոպական երազանքից», մինչդեռ միջազգային քաղաքական հարթակներում թուրքական այսօրինակ քայլերը պետք է ենթարկվեն ճշգրիտ ներկայացման մշակումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել