ԱԺ-ն այսօր, ի զարմանս բոլորիս, հավանություն տվեց ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության նախագծին՝ մարտի մեկի դեպքերի վերաբերյալ։ Այն ևս մեկ անգամ կքննվի պառլամենտում, ինչը զանազան քննարկումների առիթ ու ենթադրություն է տալիս։ Ինչո՞ւ հանկարծ իշխանությունները որոշեցին գնալ նման քայլերի, դեպքերից գրեթե 10 տարի հետո ինչո՞ւ են նորից լսումներ լինելու ԱԺ-ում արդեն պառլամենտական կուսակցությունների ու խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ Արդյոք իշխանությունը գտնո՞ւմ է, որ այդ տարիների դեպքերը մինչև վերջ բացահայտված չեն։ Եթե նորից որոշել են քննել, ուրեմն՝ իսկապես այդպես են կարծում, քանի որ հանրային լսումների արդյունքում պարզ դարձավ, որ այս հարցը, ի տարբերություն շատ քաղաքական հարցերի, չունի վաղեմության ժամկետ, որովհետև մարդիկ են մահացել, իսկ նրանց ծնողները, իրավահաջորդները քանի դեռ ողջ են, միշտ էլ արդարադատություն են պահանջելու։ Արդյո՞ք սա դատաստան է նախկին իշխանություններ նկատմամբ, և այսօրվա իշխանությունները որոշել են իրենց վրայից վերջապես ցրել նաև այդ թեման, որը դեմոկլյան սրի պես կախվել է նրանց գլխին, դժվար է ասել, սակայն միայն այն, որ այս գործի բացահայտումը ՀՀԿ իշխանության լեգիտիմացման համար կարող է լուրջ խթան հանդիսանալ։ Գոյություն ուներ երկու խնդիր այդ լեգիտիմությունը ստանալու համար․ առաջինն ընտրություններն էին, երկրորդը՝ մարտի մեկը։ Առաջին խնդիրը կարելի է արդեն լուծված համարել, որովհետև նախորդ պառլամենտական ընտրությունները լեգիտիմ են ճանաչել բոլորը, ընդունել են արդյունքները նաև ընդդիմադիր կուսակցությունները։ Իսկ երկրորդի մասով մեծ վերապահում կա։ Մարտի մեկը շարունակում է մնալ որպես մեծ խարան հայաստանյան իրականության մեջ, ու դրա հաղթահարման համար շատ ավելի կարևոր քայլեր են անհրաժեշտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: