Araratnews.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2018»-ում  Հայաստանը կներկայացնի  Սեւակ  Խանաղյանը, որն ամենաբարձր միավորներ ստացավ թե՛ միջազգային ժյուրիի, թե՛ հանդիսատեսի կողմից: Հանդիսատեսն ու միջազգային ժյուրին Սեւակ Խանաղյանին տվեցին 12 միավոր:

Նկատենք, որ մինչ եզրափակիչ փուլը ակտիվորեն քննարկվում էր, որ «Եվրատեսիլ-2018»-ում  Հայաստանը կներկայացնի Մհեր Արմենիան, ով տարբեր տեղեկությունների համաձայն` վայելում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությունը: Հայաստանը միջազգային երգի մրցույթում ներկայացնելու բարձր շանսեր ուներ նաեւ Կամիլ շոուն:

Սակայն ինչպես երգիչ Մհերը, այնպես էլ Արսեն Գրիգորյանը` կերպարանափոխված Կամիլը, եզրափակիչ փուլում բարձր միավորներ չստացան: Այսօր արդեն ե՛ւ Մհերը, ե՛ւ Արսեն Գրիգորյան-Կամիլը ԶԼՄ-ների հետ շփվել չեն ցանկանում: Araratnews.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանն ասաց, որ հարցազրույցի համար պետք է նախապես պայմանավորվենք իր պրոդյուսերի հետ: Իսկ երգիչ Մհերն էլ անջատել էր հեռախոսը:

Զրուցեցինք վերջինիս պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ:

Սպասելի՞ էր արդյոք Ձեզ համար նման արդյունքը:

Արդյունքն այնպիսին  էր, որ ոչ միայն մենք զարմացանք, այլ նաև հեռուստադիտողը զարմացավ: Արդյունքի մեջ չի հարցը, այլ նրանում՝ թե ո՛վ  է  այդ միջազգային ժյուրին, որ գնահատում է երգիչներին, որոնք լավագույն եռյակում են եղել մինչ ֆինալ, եւ հաջորդ բանը այն է, որ տալով մեկ բալ` ուղղակի ապացուցեցին, որ արդարություն չկա: Բայց հետաքրքիրն այն է, որ եթե մյուս տարի էլ են նույն ձեւով անելու, թե ով պետք է մասնակցի մրցույթին, եթե ժյուրին, ով Մհերին տալիս է մեկ միավոր, ինչի՞ գնան մասնակցեն: Ամեն ինչ կարելի էր անել: Սեւակը  տաղանդավոր երգիչ է, բայց 12:12, նույնիսկ մենք չէինք սպասում այդպիսի բան:

Մհերն ավելի վաղ հայտարարել էր, որ սա արդար մրցույթ է: Ի դեպ, հայտարարում էր այն ժամանակ, երբ նրա անունը կապվում էր Ռիտա Սարգսյանի հետ: Հիմա՞ էլ է կարծում, որ արդար ընտրություն եւ քվեարկություն են տեղի ունեցել:

Մենք կարծում ենք, որ արդար էր մրցույթն այնքանով, որ մենք սպասելիք չունեինք ո՛չ մեկից, ո՛չ առաջին տիկնոջից… Մենք մրցում  էինք եւ մենք մտածում էինք, որ արդար է մրցույթը, թե ի՛նչ կատարվեց վերջում` մենք դա չենք կարող իմանալ, միգուցե մեր թոռները իմանան:

Մհերը սրտնեղա՞ծ է:

Ո՛չ, ընդհանրապես նեղված չէ, որովհետեւ իրա համար պարզ դարձավ ամեն ինչ, ինքը մասնակցում էր ջահել երգիչների հետ, ուղղակի ցանկացած մարդու կհետաքրքրի, թե ո՛վ էր այդ ժյուրին:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլը» կանցկացվի Պորտուգալիայում: Սեւակ Խանաղյանը հանդես կգա «Քամի» երգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել