Առհասարակ, մարդու անհատականությունը դրսևորվում է մի քանի առանձնահատկություններով՝ արկածներով, համոզմունքներով և դիրքորոշումներով, որոնք էլ հենց փաստում են նրա ով լինելը:
Կյանքի և մարդկանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ձևավորվում է կյանքի՝ թե՛ լավ, թե՛ վատ փորձի արդյունքում՝ սեր, կորուստ, իրագործում, դավաճանություն, ողբերգություն, անզորություն:
Այս գործոններնն են, որ իրենց ազդեցությունն են թողնում մեզ վրա և կերտում մեր ներկայիս կերպարը:
Ներկայացնում ենք մի պատմություն, որից հետո անհնար է զսպել հուզմունքը:
Մի՞թե մարդուն կարելի է դատել արտաքինից: Մի՞թե պետք է անմիջապես կարծիք կազմել նրա մասին՝ նույնիսկ չփորձելով հասկանալ նրա արարքների պատճառը:
«Իմ ղեկավարը վարում էր մի շքեղ մեքենա: Քանի որ ես նրա առանձնատան պահակն էի, իմ ամենօրյա պարտականությունն էր ողջունել նրան և բացել դարպասները նրա առջև: Սակայն նա երբեք չէր արձագանքում իմ ողջույններին:
Մի օր նա ինձ տեսավ առանձնատան աղբամանի տոպրակների մեջ ուտելիքի մնացորդներ փնտրելիս և, ինչպես միշտ, կարծես ոչինչ չնկատելով, գնաց:
Հաջորդ իսկ օրը ճիշտ նույն տեղից մի թղթե մաքուր տոպրակ գտա, որի մեջ թարմ սնունդ էր փաթեթավորված: Ես ինձ այքա՜ն երջանիկ զգացի և առանց մտածելու, թե որտեղից էր դա հայտնվել այնտեղ, վերցրի այն:
Տարօրինակ էր, բայց դա դարձավ շարունակական: Ամեն օր ես տուն էի տանում տոպրակներ, որտեղ, բացի թարմ բանջարեղեններից, կային նաև տան համար մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները: Եվ սա դարձավ իմ առօրյան:
Այդ ուտելիքները բավարարում էին իմ ողջ ընտանիքին: Ինձ հետաքրքրում էր, թե ով է այդ հիմարը, որ ամեն օր մոռանում էր իր թարմ ուտելիքներով տոպրակը նույն վայրում:
Մի օր մեծ իրարանցում էր առանձնատանը, և ինձ ասացին, որ իմ ղեկավարը մահացել է: Ի զարմանս ինձ՝ այդ օրն ուտելիքներով տոպրակ չկար տարածքում, և քանի որ շատ հյուրեր կային առանձնատանը, ես կարծեցի՝ ամենայն հավանականությամբ, հյուրերից մեկն է վերցրել այն: Սակայն դա կրկնվեց երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, և այդպես շաբաթներ:
Ընտանիքիս կերակրելը կրկին խնդիր դարձավ ինձ համար: Ստիպված էի դիմել ղեկավարիս կնոջը՝ աշխատավարձս բարձրացնելու համար, այլապես ստիպված կլինեի լքել այդ աշխատանքը:
Ինձ լսելուց հետո կինն ապշահար հարցրեց, թե ինչու ես երբեք չեմ բողոքել իմ աշխատավարձից վերջին 2 տարիների ընթացքում, և ինչպես է ստացվում, որ այն միայն հիմա բավարար չէ ինձ համար: Ես փորձեցի արդարացումներ առաջ բերել, սակայն դրանք համոզիչ չթվացին նրան:
Ի վերջո, միակ ելքը նրան իրականությունը պատմելն էր: Նա հետաքրքրվեց, թե երբ դադարեցի գտնել այդ տոպրակները, և իմացավ, որ այն ճիշտ իր ամուսնու մահից հետո էր:
Իրականությունն ավելի քան պարզ դարձավ…
Ինչպե՞ս նախկինում չէի հասկացել, որ դա իմ ղեկավարն էր, ով օրեր շարունակ այդ ամենն ինձ համար էր թողնում: Պատճառն այն էր, որ երբեք չեմ հավատացել, որ մարդ, ով երբեք չէր արձագանքում իմ ողջույններին, կարող էր այդչափ մեծահոգի լինել:
Իսկապես իրականությունը հուզիչ էր: Կինը լաց էր լինում, իսկ ես ինձ վատ էի զգում այդ իրադրությունից: Ես նրան խնդրեցի լաց չլինել՝ ավելացնելով, որ ուրախ կլինեմ շարունակել իմ աշխատանքը:
Այնուհետև կինն ասաց ինձ․ «Ես լաց եմ լինում, քանի որ վերջապես գտա այն յոթերորդին, ում համար ամուսինս սննդով լի տոպրակներ էր թողնում: Ես արդեն գտել էի վեց մարդու և փնտրում էի յոթերորդին, ում ահա գտել եմ:
Այդ օրվանից ի վեր կրկին սկսեցի ստանալ սննդով լի տոպրակներ: Դրանք իմ ղեկավարի որդին անձամբ էր բերում իմ տուն՝ ճիշտ իր հոր նման՝ երբեք չպատասխանելով իմ շնորհակալություններին:
Մի օր շատ բարձր ձայնով ես նրան շնորհակալություն հայտնեցի: Նրա պատասխանն ինձ ապշեցրեց. նա խնդրեց չվիրավորվել, երբ ինքն ինձ չի արձագանքում, քանի որ նա, ինչպես իր հայրը, ևս ունի լսողական խնդիրներ:
Հիրավի: Մենք բազմիցս սխալվում ենք մարդկանց դատելու հարցում՝ առանց իմանալու նրանց գործողությունների ետևում առկա իրական պատմությունը: Հարկավոր է լինել բարի ու քաղաքավարի մարդկանց հետ շփման հարցում, քանի որ յուրաքանչյուր ոք յուրովի է իր պայքարը մղում այս կյանքում: Հարկավոր է լինել ավելի աչալուրջ. միշտ չէ, որ խնդիրը մեր մեջ է: Մինչև ենթադրություններ անելը պարզապես կարելի է հարցնել և իմանալ իրականությունը:
Մեր խնդիրների առաջացման հիմնական պատճառը մեր շուրջը կատարվող իրադրություններին յուրովի ընթացք տալն է:
Մի՛ շտապեք դատել մի իրավիճակ, որտեղ դուք երբեք չեք եղել: Գտնվեք բավականաչափ խելամիտ տեղեկանալու հարցում:
Եկեք փոխենք մեր վերաբերմունքը մեր և մեր շրջապատի հանդեպ: Եկեք հարցին այլ տեսանկյունից նայենք և չշտապենք հավատալ այն ամենին, ինչ խոսվում է: Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի այս կյանքում: