Արդի դարաշրջանը հիմնովին փոխել է գոյություն ունեցած մարտահրավերներին պատասխանելու հնարավորությունների մասին հասարակությունների պատկերացումները: Գտնվելով տեղեկացվածության տարբեր մակարդակներում` հասարակությունները փորձում են կերպափոխել իրենց գիտելիքները և քաղաքացիական ինստիտուտները` լեգիտիմացնելով իշխանական հարաբերությունները: Վերջիններն իրենց զարգացման ռազմավարական կանխատեսելիության այլընտրանքային ուղիների մշակմամբ, գիտակցելով տեղեկատվա-հաղորդակցական մեխանիզմների գերակայությունը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում, բախվել են սոցիալական նոր կապերի այլընտրանքային զարգացումների և հեռանկարների լեգիտիմացմանը:

Առնոլդ Թոյնբիի այն թեզը, թե քաղաքակրթությունների հաջող գործառնությունը ենթադրում է համարժեք պատասխաններ մարտահրավերներին, այսօր առավել քան արդիական է:

Համեմատելով պատմական տարբեր ժամանակներում տեղի ունեցող քաղաքակրթական փոխակերպումները` ակնհայտ է, որ այդ գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մի կողմից քաղաքական լեգիտիմության հաստատմամբ, մյուս կողմից` ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում սոցիալական արժեքների փոխազդեցությունների մեխանիզմներով: Այս դեպքում քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել լեգիտիմության հիմնախնդիրը դիտարկել որպես հորիզոնական և ուղղահայաց մակարդակներում դրսևորվող քաղաքական դերակատարների համագործակցություն` հիմնված հավատի, կամքի և աջակցության վրա: Որպես սոցիալ-հոգեբանական երևույթ՝ լեգիտիմությունն արդիականացող հասարակություններում հնարավորություն է տալիս դիտարկելու քաղաքակրթական փոխակերպումները, որոնք, բացահայտելով ժողովրդավարական քաղաքական մշակույթի և բանավեճի, բանակցության ինստիտուտների ձևավորման շուրջ ծավալված այլընտրանքները, ենթադրում են ներքին հավասարակշռություն, բարեհաճություն, որոնք էլ հին իրողությունը և գիտելիքները կրողներին հնարավորություն են տալիս ինքնակամ ընդունել նորը: Այս ամենը, լեգիտիմացնելով նոր գիտելիքները և վերարժևորելով նրա սկզբնական ձևերի մեկնաբանումը, բացահայտում է ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում քաղաքակրթական փոխակերպումների առանձնահատկությունները:

Այս իմաստով լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում մարտահրավերներին նպատակամետ պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնելու հանրային և քաղաքական կառավարման գործընթացը` բարձրացնելով իշխանության իրականացման մշակույթի լեգիտիմությունը: Լեգիտիմացումը որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորելու իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել