Ինչպես և ԱՀ բնակչության թվաքանակի դեպքում, «ինչպիսի՞ն է Ադրբեջանական Հանրապետության պետական բյուջեն» պարզ հարցը չունի պատրաստի ու պարզ պատասխան: Այստեղ կրկին պահանջվում է համադրել տվյալների մի քանի աղբյուր, քանի որ ԱՀ պետբյուջեի պաշտոնական գնահատականները խիստ տարբերվում են այլ՝ հեղինակավոր աղբյուրների գնահատականներից:
Համաձայն Ադրբեջանի Վիճակագրական պետական կոմիտեի (ԱՎՊԿ) և Ֆիննախի՝ 2017-ի Ադրբեջանի պետական բյուջեն պրոֆիցիտային էր: Այսինքն՝ բյուջեի եկամտային հատվածը գերազանցում էր ծախսային հատվածին մոտ 305 մլն մանաթով (կամ $386 մլն), ինչը կազմում էր այդ տարի հանրապետության ՀՆԱ 0.6%-ը: Այս գնահատականը կրկնում է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը, մասնակիորեն` նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Համաշխարհային տնտեսական ֆորումը, մինչդեռ, համաձայն ԱՄՆ ԿՀՎ գնահատականի, նույն 2017-ին Ադրբեջանի պետբյուջեն ոչ թե պրոֆիցիտային էր, այլ հակառակը` դեֆիցիտային: Ընդ որում՝ բյուջեի դեֆիցիտը կազմել էր ոչ ավելի, ոչ պակաս $11 մլրդ, ինչը կազմում էր այդ տարի հանրապետության ՀՆԱ 18.7%-ը: Նման գնահատականներ են բերում նաև արևմտյան «դասական» տնտեսական մոդելով ու արժեհամակարգով առաջնորդվող մի շարք կազմակերպություններ:
Պետբյուջեի մասին գնահատականների այսօրինակ հակասական ու արտառոց վիճակն առաջին հայացքից կարելի է բացատրել նրանով, որ Ադրբեջանում, ըստ էության, բացակայում է պետական բյուջեի մասին պաշտոնական, հասանելի, հավաստի և ամբողջական տեղեկատվությունը: Որպես այդպիսին, հասկանալի է, չեն դիտարկվում ադրբեջանական ու այլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, քանի որ դրանք պաշտոնական աղբյուր չեն, շատ դեպքերում ոչ էլ հավաստի են: Չենք դիտարկում նաև ԱՀ պետբյուջեի ծավալուն պաշտոնական բուն փաստաթղթերը: Նախ` այն պարզ պատճառով, որ դրանք բաց չեն, երբևէ չեն հրապարակվել ամբողջությամբ, ուստի և հասանելի չեն արտաքին աշխարհին բաց հոլովակներով: Այս փաստաթղթերից վերցված որոշ ընդհանրացված ցուցանիշներ կարելի է գտնել միայն Բաքվում ԱՄՆ դեսպանության գաղտնիության տարբեր աստիճաններ ունեցող մի շարք հաղորդագրություններում՝ առ այսօր հրապարակված Wikileaks կայքէջի կողմից: Դրանցում անգամ հանդիպում ենք անընդհատ կրկնվող գանգատների, թե Բաքվում ԱՄՆ դեսպանությանը հասանելի դարձած Ադրբեջանի պետբյուջեի փաստաթղթերն ընդհանրական են, զուրկ բովանդակային մանրամասներից:
Սովորաբար բերվում են ընդամենը մոտ մեկ տասնյակ ընդհանրացված թվեր՝ առանց դրանց հիմնավորումների, առանց ծախսային հոդվածների քիչ թե շատ մանրամասն նկարագրի, առանց հոդվածների բացվածքի` ըստ ճյուղային նախարարությունների ու գերատեսչությունների և այլն: Նույնը ստիպված ենք ասել և պաշտոնական «Azerbaycan» թերթում տեղ գտած՝ պետբյուջեին նվիրված սակավաթիվ ու կցկտուր հրապարակումների մասին:
Հատկանշական է, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգի որևէ կարևորագույն տարրի, այս պարագայում` երկրի պետական բյուջեի մասին հավաստի ու ամբողջական տվյալները բացակայում են թե՛ այդ երկրում, թե՛ այդ երկրից դուրս: Իսկ միջազգային և այլ կազմակերպությունների գնահատականներն իրարամերժության աստիճան հակասական են: Այդպիսին է իրավիճակը Ադրբեջանի ժողովրդագրական վիճակագրության պարագայում, երբ «որքա՞ն է Ադրբեջանի բնակչությունը» պարզ հարցի պատասխանը պահանջում է ոչ թե մեկ հայացք՝ ձգված որևէ հավաստի տեղեկատուի էջերին, այլ` առանձին ուսումնասիրություն: