Վերջին օրերին տարբեր աղբյուրների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե սիրիական կառավարական ուժերը պատրաստվում են մուտք գործել քրդաբնակ Աֆրին, իսկ նախօրեին դրանց ընթացքը դեպի շրջան (ի դեպ՝ որոշ աղբյուրների հավաստմամբ՝ երկրորդ փորձը հաջողվել է) կանխվել է թուրքական ԶՈւ-ի կողմից արձակված հրետանային կրակի հետևանքով, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նշվածի համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել, որ խոսքը ոչ թե սիրիական բանակային ստորաբաժանումների, այլ կամավորական՝ կառավարամետ «Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ուժերի» հիմնականում շիայական որոշ միավորների առաջխաղացման մասին է: Իսկ սիրիական վարչակարգի և Աֆրինը փաստացի վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) կառույցի միջև բանակցությունները դեռևս շարունակվում են, ինչի մասին հայտարարել է SDF-ի Աֆրինի տարածաշրջանի խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը:

Ինչո՞վ է կարևոր վերոնշյալ իրողությունը, քանի որ սիրիական կառավարական ուժերի կողմից Աֆրին մուտք գործելու հնարավորությունը պայմանավորված է շրջանը միանձնյա վերահսկելու վերաբերյալ «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հանգամանքով: Ի դեպ՝ խնդրի հանգուցալուծման նշված սցենարը դեռևս մինչև «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության մեկնարկն առաջարկել էր Ռուսաստանը, ինչը մերժել էր քրդական կողմը:

Իսկ, ըստ էության, սիրիական կառավարական ուժերի կողմից Աֆրինում ամբողջական վերահսկողության հաստատումը փաստացի հնարավորություն կընձեռի Թուրքիայի ԶՈւ-երի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը դադարեցնելու, իհարկե սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների՝ Մոսկվայի և Թեհրանի քաղաքական միջնորդության և երաշխիքների հիման վրա:

Իսկ վերոնշյալ շիայական կամավորական ստորաբաժանումների մուտքն Աֆրինի շրջան իրավիճակային գնահատմամբ կարելի է դիտարկել որպես շրջանում ներկայումս և կանխատեսվող զարգացումներում Իրանի որոշակի ներկայության ապահովում, ինչը կարևոր է ինչպես քրդական հիմնախնդրի դինամիկայի համատեքստում, այնպես էլ Անկարայի հետ Թեհրանի՝ նաև Սիրիայի նշված հատվածում դրսևորվող մրցակցության տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել