Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել ենք քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իմ կողմից տրված հանձնարարականի վերաբերյալ լրագրողների մտահոգությունները.

Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո:

Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում` ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել