Մարդկության պատմությունը դեռ չի տեսել նման բան, որ մի ժողովուրդ «անկախություն» հռչակեր ու զանգվածաբար փախչեր իր հայրենիքից: Փախչեր, դրսում հազար ու մի տեսակի «քաղաքական հալածյալի» «քեյսեր» սարքելով՝ քաղաքական ապաստան կորզեր և հազար մղոն հեռու փախչեր քաղաքականությունից, իր իրավունքների համար պայքարելուց: Որպես սրտի և հոգու մխիթարություն, իր ճակատագրական քայլը արդարացնելու համար, հազար ու մի տեսակի ստորացուցիչ աշխատանքներ անելով հոգար երկրում թողած իր՝ մյուս կեսի մինիմում նյութական պահանջները:
Երկրի ներսում մնացածները, 25 տարի շարունակ ներքաշվելով ռեժիմի կազմակերպած «պսևդոժողովրդավարական» նենգ խաղերի մեջ, գնալով հուսալքվեցին ու փաստորեն հայտնվեցին կոտրած տաշտակի առջև: Շարունակ ձախողությունների հանդիպելով ներսում, թե դրսում, «ապրած» կյանքը գնալով իմաստազրկելով, սեփական հայրենիքը հալ ու մաշ անելով՝ հուսախաբ ժողովրդի այս երկու հատվածները անելանելիությունից սկսեցին փոխադարձաբար իրար մեղադրել, ատել, մեկը՝ մյուսին համարելով իր դժբախտության պատճառը:
Մարդկությանը դեռ հայտնի չէ նաև դեպք, երբ մի ժողովուրդ «անկախություն» հռչակելուց հետո, փոխանակ դառը ճակատագրի հետևանքով աշխարհով մեկ ցիր ու ցան եղած իր զավակներին իրար գլխի հավաքեր ու երկիր կառուցեր, շարունակեր կրկին հին սովորույթով մասնատվել, տրոհվել, ճյուղավորվել ու հայտնվել հողագնդի ետնախորշերում: Այս ամենի արդյունքում կուտակված հսկայական բացասական էներգիան սպանում է ազգը, տանում ինքնաոչնչացման, եթե մենք չսթափվենք ու խելքի չգանք, մեզ այլևս արտաքին թշնամիներ պետք չեն լինելու: Մեր հարցերը մենք ինքներս ենք լուծելու, մեր ձեռքերով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել