ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Euronews-ին հարցազրույց է տվել և անդրադարձել է Թուրքիայի կողմից 2018 թ․-ի հունվարի 20-ից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» կոչված հակաահաբեկչական օպերացիային և բացահայտ պաշտպանել է Ռեջեփ Էրդողանի ագրեսիան Սիրիայի դեմ։ Ըստ Լավրովի` Սիրիայի վրա թուրքերի հարձակման միակ մեղավորը ԱՄՆ-ն է։ 
«Այս ամբողջ պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է ԱՄՆ կողմից վարվող քաղաքականության կարճատեսությունը, նույնիսկ, ինչպես կարող եք հասկացեք, չարամտությունը։ Սիրիայում իրենց գործողությունների հենց սկզբից ամերիկացիները խաղադրույքը դրեցին քրդերի վրա և անտեսեցին Թուրքիայի դժգոհությունը։ Թուրքերը միշտ հայտարարել են, որ կխոչընդոտեն քրդերի փորձերն իրենց վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի և Սիրիայի սահմանը։ Թուրքերը միշտ ընդգծված հայտարարել են, որ քրդական խմբավորումներն ահաբեկչական կազմակերպություններ են։ «Քրդական հարց»-ի հետ ամերիկացիների խաղը շատ վտանգավոր է և կարող է մեծ տհաճություններ պատճառել այն երկրներին, որտեղ բնակվում են քրդերը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ 
Ամերիկացիների նկատմամբ ատելությունը հանգեցրել է նրան,որ ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը Վաշինգտոնի սիրիական քաղաքականությունը քննադատելիս տարրականորեն վերածվել է Թուրքիայի բռնապետ Էրդողանի մամլո խոսնակի։Նույնիսկ Էրդողանը չէր կարող իրեն պաշտպանելու համար այսպիսի ելույթ ունենալ,ինչպես դա արեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ 
ՌԴ արտգործնախարար Լավրովը հիշողության հետ մեծ խնդիրներ ունի և շատ շուտ է մոռացել, թե ինչպես ամերիկացիների կողմից հովանավորվող սիրիացի քրդերն իրենց առաջին արտասահմանյան ներկայացուցչությունը բացեցին ոչ թե Վաշինգտոնում, Լոնդոնում կամ Հռոմում, այլ ոչ վաղ անցյալում՝ Մոսկվայում։ 2016 թ․-ի փետրվարի 10-ին մեծ շուքով և բազմաթիվ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ՌԴ մայրաքաղաքում բացվեց հիմա արդեն Լավրովի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող YPG-ի և PYD-ի համատեղ դեսպանությունը, որը ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ անվանել էին «Քրդստանի ոչ պաշտոնական դեսպանությունը Մոսկվայում»։ Պարզվում է, ըստ Լավրովի, հիմա Մոսկվայում գործող այդ ներկայացուցչությունը պաշտպանում է ահաբեկիչներին, որի մասին միայն նոր է բարձրաձայնում ՌԴ ԱԳՆ ղեկավարը, թե՞ այդ ժամանակ Մոսկվային դա ձեռնտու էր, քանի որ ՆԱՏՕ-ի թիկունքում պատսպարված Անկարային Մոսկվան չկարողացավ պատժել 2015 թ․-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար։ Կամ եթե YPG-ը և PYD-ն ահաբեկչական կազմակերպություններ են, ապա ինչպես բացատրել, որ մինչև ս.թ-ի հունվարի 20-ը Աֆրինում գտնվող ռուսաստանցի զինվորականները համագործակցում էին նրանց հետ և դուրս բերվեցին Աֆրինի քրդաբնակ անկլավից Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի բանակների գլխավոր շտաբների պետերի հանդիպումից անմիջապես հետո, որից հետո ժամեր անց Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան Սիրիայում։ 
Հետաքրքիր է նաև իմանալ, թե հիմա Մոսկվան Սիրիայում ու՞մ է պաշտպանում, եթե այսպես ջանադրաբար քննադատում է Վաշինգտոնին։ Պաշտոնական մակարդակով ՌԴ-ն Սիրիայում պաշտպանում է սիրիական օրինական կառավարությանը՝ Ասադի գլխավորությամբ։ Վերջին շրջանում ռուսները մեծ հաճույքով համագործակցում են բոլորի հետ՝ քրդերի, որոնց խմբավորումներին հիմա ահաբեկչական կազմակերպություն են անվանում, թուրքերի, որոնց կազմակերպություններին նախկինում էին ահաբեկչական անվանում և բերում ապացույցներ, սակայն հիմա մեծ հաճույքով համագործակցում են նրանց հետ և այլն։ ՌԴ ներկայիս ղեկավարությունը դասեր չի քաղում Ռուսաստանի պատմությունից։ Մոսկվայում չեն հասկանում, որ «բոլորի հետ լավ լինելու և բոլորին իրենց շահերի համար օգտագործելու» արտաքին քաղաքականությունը ռուսների մոտ չի ստացվում։ Մոսկվան չունի ոչ հմտություններ այդ քաղաքականությունն առաջ տանելու համար, ոչ էլ ամենակարևորը՝ ֆինանսներ։ Մոսկվայի այսպիսի երկերես արտաքին քաղաքականությունը վերջում վանում է նրանից և՛ գործընկերներին, և՛ հակառակորդներին։ Արդյունքում ռուսները բոլորին մեղադրում են «դավաճանության» և «անշնորհակալության» մեջ։ Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ հետո ռուս-թուրքական տանդեմի արդյունքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում Ասադին անվանեն ահաբեկիչ ու մարդասպան և միևնույն ժամանակ պայքարեն «անդրօվկիանոսյան չարիքի»՝ ԱՄՆ-ի դեմ։ 
Ի վերջո, ինչպես շատ դեպքերում պատահել է, Անկարան կրկին կհայտնվի Վաշինգտոնի գրկում, իսկ Մոսկվան էլ կամրապնդի իր վատ՝ բարեկամներին և գործընկերներին «քցող»-ի համբավը։ 
Հ.Գ. Մոսկվայի գարնանային այս «թրքասրացումը» բավական մեծ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել