Նախօրեին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, թե իրանական կողմը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել ՀՀ-ին: Նա նշել է, որ այդ հարցը քննարկվում է, և առաջընթացը տեսանելի կլինի առաջիկայում: Դեսպանը նաև նշել է, որ եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա` շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Թե որն է հարմար գինն ու ինչ ֆորմատով է քննարկվում այդ հարցը, ինչպես նշում է դեսպանը, մանրամասներ հայտնի չէ: Առաջին անգամ չէ, որ Իրանը գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել, սակայն Հայաստանում այս առումով շատ «պահպանողական» են: Իրանը Հայաստանին հարմար գնով գազ վաճառելու մասին հայտարարել էր դեռևս 2013-ին, սակայն այն ժամանակ Հայաստանը գերադասեց «Գազպրոմ»-ի հետ հայտնի համաձայնագիրը, իսկ Իրանի մասով արդեն մի քանի տարի շարունակ նշում է, թե էժան գազի առաջարկ չկա, և լինելու դեպքում Հայաստանն անպայման կքննարկի այն:
Իրականում գնի հետ կապված լուրջ փոփոխություններ դժվար, թե լինեն, սակայն ծավալների առումով, որ հնարավոր է ավելի շատ գազ ներկրվի: Եթե նայենք անցած տարվա ՀՀ ներմուծվող գազի ծավալները, ապա անցած տարի Իրանից ներմուծվել է 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ, իսկ Ռուսաստանից` մեկ միլիարդ 996 միլիոն: Մասնագետները տեսակետ են հայտնում, որ ներկա պահին Իրանը մեզ ավելի մատչելի գնով գազ չի կարող առաջարկել:
Պետք է ընդգծել, որ Իրանի հետ աշխատանքները շարունակվում են և նախատեսում է գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, իսկ կողմերի միջև ընթացող բանակցությունները մշտական բնույթ են կրում:
Գործնականում հարց է առաջանում ի՞նչ ասել է հարմար գին, և կա՞ արդյոք կոնկրետ գնային դիապազոն, որ Իրանը պատրաստ է առաջարկել Հայաստանին ռուսական գազին որպես այլընտրանք, Թեհրանն այստեղ բաց է թողնում և չի մանրամասնում: Դրան զուգահեռ, սակայն, դեսպանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է աշխուժանա էներգետիկ ոլորտում: Այսինքն՝ դա ակնարկ է, որ Իրանը Հայաստանից սպասում է ինչ-որ քայլեր:
Այդ հայտարարություններն միանշանակ կարիք ունեն մանրամասնելու, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե ի վերջո՝ ինչի մասին է խոսքը, և կոնկրետ որտեղ է հայ-իրանական էներգետիկ գործակցության առավել ընդլայնման ու խորացման, ըստ այդմ՝ ՀՀ էներգետիկ անվտանգության առավել դիվերսիֆիկացման խոչընդոտը, դա ռուսական կո՞ղմն է, ինչպես տարածված է կարծել, թե՞ իրականում խնդիրները իրանական կողմի հետ է կապված: Միայն իրավիճակը հասկանալով մեր հանրությունը կարող է նաև մտածել, թե ինչպես կարող է նպաստել երկրի անվտանգությանը և շահին բավարարող ուղղությամբ զարգացմանը:
Փաստացի ստացվում է, որ իրանական կողմը պարբերաբար տարբեր առիթներով խոսում է գազի էժան գնի մասին, նշում դրա հնարավորությունները, սակայն չի կոնկրետացնում, թե ինչ գնի մասին է խոսքն իրականում և ինչ ծավալների գազամատակարարում է հնարավոր ապահովել: Հայկական կողմն իր հերթին ադեկվատ չի արձագանքում, թե այսպես կոչված «էժան» գինը, ինչի ընդունելի չէ, և որոնք են խոչընդոտներն ու խնդիրները: