Հարգելի պարոն փոխգնդապետ, կարդացի Ձեր գրառումը, որտեղ մտահոգություն եք հայտնում, թե ինչո՞ւ տարատեսակ ակցիաների մասնակիցները չեն հանդուրժում ոստիկանի ներկայությունն այդ ակցիաներին: Ձեր այդ ձևակերպումը, ի սկզբանե, սխալ է, չհանդուրժելու խնդիր չկա, պատճառը լրիվ այլ է:
Անձամբ ես մասնակցել եմ բազմաթիվ ակցիաների, չնայած երբեւէ դիսկոմֆորտ չեմ զգացել ոստիկանի ներկայությունից, բայց ինձ իրավունք եմ վերապահում Ձեզ պարզաբանել պատճառը: Դիսկոմֆորտի հիմնական պատճառը վստահությունն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոստիկանը չի կատարում իր հիմնական ֆունկցիան, այն է՝ չի պաշտպանում քաղաքացու իրավունքները և օրինական շահերը, իսկ եթե անգամ ինչ-որ հրաշքով, այնուամենայնիվ, անցնում է իր բուն պարտականությունների կատարմանը, դա անում է միայն ու միայն ընտրովի տարբերակով:
Ձեզ մի անմեղ օրինակ բերեմ, որը իմ ու ընկերներիս հետ տեղի է ունեցել երեկ: Ազատության հրապարակում` Սպենդիարյանի արձանի պատվանդանի երկրորդ աստիճանի վրա, մի քանի աղջիկ երեխա էին նստած, ես ու ընկերներս առաջինի վրա էինք նստած, Ձեր գործընկերները մոտեցան և այդ աղջիկներին ասացին, որ չի կարելի այնտեղ նստել: Միջամտեցինք, խնդրեցինք պարզաբանել, թե օրենքի որ կետով է դա արգելվում, ինչումն է պատճառը, որ պատմամշակութային պատվանդանի երկրորդ աստիճանի վրա չի կարելի նստել, իսկ առաջինի վրա կարելի է, ինչևէ, շատ չերկարացնեմ, մի փոքր բանավեճից հետո, երբ չստացանք մեր հարցերի պատասխանները, ինչն, ի դեպ, ի սկզբանե կանխատեսում էինք, որ այդպիսի նորմ գոյություն չունի, դա զուտ վերադասից ստացված ապօրինի կարգադրում է, ընկերս հարց հնչեցրեց.
- Հարգելի ոստիկան, իսկ եթե այդ երկրորդ ատիճանի վրա գա նստի վարչապետը, իրեն կասե՞ք, որ չի կարելի այնտեղ նստել:
Ու պատասխանը հետևյալն էր, որն, ի դեպ, մեզ համար էլ անկնկալ չէր, որ այն լինելու է ոչ հստակ, ցրողական:
- Վարչապետը չի գա, ստեղ չի նստի...
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նրա վրա, որ մենք չլսեցինք պատասխանը՝ «Այո՛, կարգելեմ, բոլորը հավասար են»: Առակս ի՞նչ կցուցանե... Քանի դեռ քաղաքացին չունի այն համոզմունքը, որ ոստիկանը շարժվում է միայն ու միայն օրենքի տառին համապատասխան, և ոստիկանի համար բոլորը օրենքի առջև հավասար են, քաղաքացին դիսկոմֆորտ է զգալու ոստիկանի նկատմամբ, ինչը լիովին հիմնավորված է:
Հ.Գ. Իսկ հիմա երկու հարց ուղղեմ Ձեզ, պարոն փոխգնապետ,
1. եթե Ձեր վերադասից ստանաք ապօրինի հրաման, որը կոտնահարի իմ իրավունքը, կկատարե՞ք այն թե՞ ոչ,
2. եթե այդ պատմամշակութային պատվանդանի երկրորդ աստիճանի վրա նստած լինի վարչապետը, կարգելե՞ք իրեն, թե՞ ոչ:
Նավակ Ճոճողը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել