Փետրվարի 5-ին Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Այդպիսով՝ 2018-ի հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան ապրիլի 11-ին։ Մինչ փորձագիտական շրջանակները փորձում էին մատնանշել Ալիևի այս քայլի պատճառները՝ այն որոշակիորեն կապելով ընտրությունների անցկացումից հետո ԼՂ հակամարտության շուրջ ընթացքող բանակցություններով, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն:
Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ անց փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարի ընթացքում հայտարարեց. «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա ընդգծեց, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։ Այս պոպուլիստական հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը ցույց տվեց, որ պատրաստվում է իր նախընտրական քարոզչության առանցքը կառուցել Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության սերմանման քարոզչության շուրջ, սակայն հարցն այն է, որ Հաջիևի և Ալիևի հայտարարությունները հակասում են միմյանց. եթե Ալիևը կոշտ հռետորություն է որդեգրել հայկական կողմի նկատմամբ, ապա ի՞նչ նպատակ ուներ Հաջիևի հայտարարությունն ընտրություններից հետո ինտենսիվ բանակցություններ սկսելու շուրջ:
Տրամաբանությունը շատ պարզ է, Ալիևի հայտարարությունն ուղղած էր ներքին լսարանին, որի հիմնական նպատակն Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելն է: Հարցն այն է, որ Ալիևն Ադրբեջանի հարստությունները և մասնավորապես նավթային ռեսուրսները ծառայեցնում է գերազանցապես սեփական շահերին: Նա նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների զենք է գնում ՌԴ-ից և այլ երկրներից, իսկ մյուս կողմից թալանում է սեփական ժողովրդին, մասնավորապես՝ հսկայական գումարներ է օգտագործում կոռուպցիոն նպատակներով, մասնավորապես՝ կաշառելով տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի հանդուրժեն իր ռեժիմի գոյությունը և պատվերներ կատարեն հայկական կողմի դեմ, այնինչ եթե այդ ահռելի գումարները մնային Ադրբեջանում և ներդրվեին երկրի տնտեսության մեջ, ապա այդ դեպքում երկիրը զերծ կմնար ֆինանսական շուկայում գրանցված վայրիվերումներից: Քանի որ հասարակ ադրբեջանցիների մոտ հարց կարող է առաջանալ՝ եթե երկրի ֆինանսական կայունությունը վերջին շրջանում կասկածի տակ է, ապա ուր են գնում այդ միլիարդները, ուստի Ալիևը ժողովրդի ուշադրությունն իրական հարցադրումներից շեղելու համար նոր միֆ է հորինել՝ այն փաթեթավորված սեփական ռեժիմին ծառայեցնելու նպատակով: