Ռուսական բանակում հայազգի մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանումը, որ կազմակերպվեց 1722 թվականի ամռանը Աստրախանում, կոչվեց Հայկական էսկադրոն:
Այն ծնունդ առավ հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր վերելքի պայմաններում՝ կապված Պետրոս Առաջինի պարսկական արշավանքի հետ: «Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն», «Հետախուզական խումբ» անունները կրող ջոկատները միավորվեցին և ստացան Հայկական էսկադրոն անվանումը:
1725 թվականին Պետրոս Առաջինը էսկադրոնում մտցրեց ռուսական զինվորական կոչումներ, նշանակեց համապատասխան ռոճիկներ, որի շնորհիվ հայ մարտիկների թիվը հասավ 700-ի:
Էսկադրոնը մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուսական զորքերի մղած բոլոր մարտերին: Էսկադրոնի շտաբը 1735 թվականին հաստատվեց Աստրախանում և Ղզլար ամրոցում: Հայկական էսկադրոնի գործունեությունը դադարեցվեց 1764 թվականին Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանով:
Հայկական էսկադրոնի հրամանատարներ են եղել Պետրոս դի Սարգիս Գիլանենցը (1722-1724), Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը (1724-1750), Պետրոս Կասպարովը (1750-1760), Միրզաբեկ Մխիթար Վահանովը (1760-1764):