Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարյան այն խոշոր ազգային-հոգևոր կենտրոններից էր, որը նպատակադրված պայքարում էր հայոց ինքնության պահպանման և օտարամոլության դեմ: Կեչառիսի վանական միաբանության համառ պայքարի շնորհիվ էր նաև, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացավ պահպանել դավանաբանական ինքնուրույնությունը, իսկ հայ ժողովուրդը` հոգևոր սուվերենությունը: Կեչառիսի վանքը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանվել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երևույթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարյան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրությամբ: Կեչառիսի վանքը յուրահատուկ է եկեղեցու ճակատային հատվածում արված որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 11-րդ դարում Պահլավունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիվ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների համար: Ծաղկունյաց լեռների ստորոտին ծվարած այս բնակավայրն արդեն խորհրդային ժամանակներում վերածվել է հանգստի գոտու և նշանավոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հավաքականներ մարզումներ են անցկացնում:
Կեչառիսի վանական համալիրի և Ծաղկաձորի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=QaCLVwuUIrI
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել