Ալիևի հերթական հայտարարության թեմայով ինձ ամենաշատն անհանգստացնում են հայկական որոշ շրջանակների արձագանքները, որտեղ հիմնականում ձեռ են առնում, հումորով են անդրադառնում կամ նման մի բան։ Հատկապես, երբ էդպիսի վերաբերմունք ունեն ՀՀ պետական պաշտոնյաները։
Ինչու՞, որովհետև, եթե երկարաժամկետ տեսանկյունից նայենք, ոչ թե կարճատեսի պես, ապա կտեսնենք, որ մենք գործ ունենք հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտի հերթական դրսևորման հետ։ Էթնիկ կոնֆլիկտ, որը սկսվել է մոտ 1000 տարի առաջ ու մինչև հիմա շարունակվում է։ Ճիշտ է, հիմա ակտիվ փուլում հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է, բայց միևնույն է, մենք գործ ունենք հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտի հետ։
Իսկ էթնիկ կոնֆլիկտները տևում են շատ երկար, և ավարտվում են կողմերից մեկի ոչնչացմամբ։ Պատմական տեսանկյունից, եթե հաշվի առնենք մեր ներկա թվաքանակը, մեզ պատկանող բնական տարածքները և այլն, դեռևս ոչնչացող կողմը մենք ենք, ոչ թե թուրքերը։ Էնպես որ, Երևանը գրավելու մասին հայտարություններին հումորով անդրադառնալուց առաջ պետք է հիշել դրա մասին։ Լավ է, որ գոնե թուրքերը հա հիշեցնում են (թուրքեր ասելով նկատի ունեմ նաև ադրբեջանցիներին) թե՛ խոսքերով, թե՛ գործով, բայց շատ վատ է, որ մեզ մոտ դեռ չկա էդ գիտակցումը կամ ոչ բոլորի մոտ կա։
Մնում է թուրքերին շնորհակալություն հայտնել, որ մեր զգոնությունը չեն թողնում՝ բթանա, բայց նաև հույս ունենալ, որ մեզ մոտ քաղաքականություն մշակողները չեն մոռանա, որ մեր պատմական ռազմավարական խնդիրն է հաղթել հայ-թուրքական կոնֆլիկտում, ոչ թե «ձեռ առնել» թշնամիներին։