ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, ինչպես հայտարարել էր շաբաթներ առաջ, ակտիվորեն հանիպումներ է ունենում ՀՀ քաղաքական և հասարակական լայն սեկտորի հետ. նախօրեին նա հանդիպել էր Հանրային խորհրդի կազմի հետ, իսկ առավոտյան Սարգսյանն արդեն ԱԺ «Ելք» խմբակցությունում էր: Հանդիպման մասին բաց ոչ մի հրապարակում չեղավ, և կողմերն ուղղակի խոսեցին երկկողմ կառուցողական քննարկման մասին: Քաղաքական առումով սա բավականին առաջընթաց քայլ է, երբ իշխանության թեկնածուն հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ և կլոր սեղանի շուրջ քննարկում իրենց քաղաքական տեսլականից:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք»-ի ներկայացուցիչներն ասել են, թե ինչ թեմաների շուրջ են խոսել Սարգսյանի հետ: Նշվել է, թե ժամանակը շատ կարճ է եղել: Նրանք կոռեկտ չեն համարել ներկայացնել հանդիպման բովանդակային պատկերը և ուղղակի նշել են, թե ինչ հարցերի շուրջ են խոսել։ Ի դեպ՝ նշենք, որ քննարկված հարցերը բավականին շատ և ընդգրկուն շրջանակներ են ունեցել: Սարգսյանը հանդիպումը գնահատեց բաց և պրոֆեսիոնալ: Սարգսյանի խոսքով՝ ինքը բավարարված էր հանդիպումից, որովհետև ընթացել է շատ բաց զրույց, որը, նրա խոսքով, վերջինը չէ: «Ելք»ի դեմ քվեարկելու փաստը, Սարգսյանի բնորոշմամբ, նույնպես նորմալ որոշում է, որն արժանի է հարգանքի:
Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ «Ելք»-ը, որն, ըստ էության, անընդհատ փորձում է նսեմացնել Սահմանադրությամբ արդեն փոխված նախագահի ինստիտուտը՝ այն անընդհատ համարելով ներկայացուցչական ինստիտուտ կամ ուղղակի «անգլիական թագուհու» կարգավիճակ, ոչ միայն հանդիպում է հնարավոր թեկնածուի հետ, այլև քննարկում մի շարք քաղաքական և ՀՀ համար առաջնային նշանակություն ունեցող հարցեր կամ, այլ կերպ ասած, իր համար հող է նախապատրաստում ընտրվելու դեպքում հետագա համագործակցության համար: Մի հայտնի հին ռուսական ասածվածք կա` «Շողոմքոր գառը յոթը մոր կաթ է ուտում»․ սա դասական ասված է այս դաշինքի մասին, երբ ցանկացած քաղաքական իրավիճակում նրանք կարողանում են հստակ մանևրել և իրենց հարմար ոճով դիրքավորվել:
Կարող ենք եզրակացնել, որ, ինչպես ցույց է տալիս ՀՀ կուսակցական դաշինքների պատմության փորձը, այս դաշինքը ևս կունենա կարճ կյանք և առաջիկայում կտա իր քայքայման ճաքերը. պետք է չմոռանանք, որ դաշինքի մաս կազմող կուսակցությունների լիդերներն ունեն բավականին ամբիցիոզ հայացքներ և շատ հարցերում արմատապես հակառակ մոտեցումներ, իսկ թիմի մասին խոսելն արդեն ավելորդ է․ այն բավականին լարված է:
ՀԳ. Նախագահի թեկնածու, իհարկե, դեռևս պաշտոնապես չառաջադրված, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կլինի չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Առաջին հայացքից սա հռետորաբանություն կամ բառախաղ է, իրականում, սակայն, Արմեն Սարգսյանն այդպիսով անում է իր առաջին հրապարակային քաղաքական լուրջ հայտարարությունը: Իրականում չորրորդ հանրապետության իշխանությունն ավելի շատ գտնվելու է չորրորդ հանրապետության վարչապետի, քան նախագահի ձեռքին, բայց մյուս կողմից՝ Ա.Սարգսյանն իր հայտարարությամբ դե ֆակտո փորձում է դնել իր խոսքի իշխանության հիմք: Չորրորդ հանրապետություն տերմինով Արմեն Սարգսյանը հանրությանն առաջարկում է իրականության չափման լիովին նոր միավոր։