Այսօր ԱԺ-ում մեկնարկեց հերթական քառօրյան: Այն առանձնապես չէր տարբերվում նախորդներից: Ակտիվ էր հատկապես նիստի մեկնարկը, երբ որոշակի գրկախառություններից ու որպիսություններից հետո, օրենսդիրների շարքրերը դանդաղ սկսեցին նոսրանալ:
Պառլամենտ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «զրուցարան», որի իմաստը քննարկումների և կառուցողական բանավեճերի արդյունքում ցանկալի օրենքի և կոնսեսուսային բանաձևերի ընդունումն է, ոչ թե անհատների, մարդ-կուսակցությունների և մի կետից եկող հրամանների «իղձերն» ու «ցանկությունները» բարձրաձայնելով՝ բթացնել մարդկանց նյարդային համակարգը:
ԱԺ-ն ժողովրդի հանրային դեմքն է նրա կամարտահայտության արդյունքը և հարգանք է պահանջում: Սակայն շատ հաճախ պառլամենտը դառնում է «ջուր ծեծելու» վայր և ամենահասարակ հարցի քննարկումը վերածվում է մերձեցման երեկոյի. սկսվում է քննարկվող հարցի բազմապրոֆիլ ու բազմաբովանդակ անհեթեթ վերլուծությունների ու մտքերի մի ալիք բարձրանալ: Ասել է թե՝ առիթը բաց չեն թողնում ամբիոնի մոտ ևս մեկ անգամ հայտնվելու և իրենց «կառուցողական տեսակետը» ներկայացնելու համար:
ԱԺ-ը ամբիոնից հաճախ հնչող արտահայտությունները և որոտընդոստ կոչերը երբեմն մարդկանց գցում են տարակարծության և այլախոհության մեջ, քանի որ որոշ պառլամենտականներ ուղղակի այն փորձում են ծառայեցնել սեփական կուսակցական դոկտրինները հանրային սեփականությանը մատուցելուն և փուչ քաղաքական «բաժնետոմսեր» հավաքելու «վեհ» գործին:
Պառլամենտի նկատմամբ անպարտաճանաչությամբ և ավելի շատ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում նաև ոչ իշխանական թևի պառլամենտականները: Սովորաբար ԱԺ նիստերին ՀՀԿ պատգամավորների զգալի մասը գալիս են միայն սկզբում, գրանցվում են, քվեարկում են և գնում: Իսկ Կառավարության հրավիրված արտահերթերի ժամանակ ոչ իշխանականները ընդհանրապես հետաքրքրություն չեն դրսևորում: ԱԺ-ում բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ էին ներկայացվել, սակայն դրանց քննարկումներն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում:
Հատկանշականն այն է, հաճախ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում են կառավարության գործելաոճից, որ հրատապ բերում է օրենքներ և վարկաբեկում խորհրդարանը: Անընդհատ բողոքում են, որ Կառավարությունն է հիմնական օրենքներ մշակում և ներկայացնում խորհրդարան` անընդհատ կասեցնելով պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունները: Ընդգծենք, որ իրականում ՀՀ օրինաստեղծ մարմինը ՀՀ ԱԺ-ն է, սակայն ստացվում է, որ գործադիրը փաստացի կատարում է օրենսդիրի` օրենք գրող մարմնի, պարտականությունները: Եթե համադրենք այս փաստերը, ստացվում է, որ մեր պառլամենտականներն անգամ պատրաստի գրած-մատուցված օրենքների քննարկամնն անգամ չեն մասնակցում` իրենց «գերծանրաբեռված» գրաֆիկի պատճառով, ուր մնաց ժամանակ հատկացնեին օրենք մշակելուն, և այն պնդումը, թե ԱԺ-ն Կառավարության համար օրենք դակող հիմնարկ է ընդամենը բարբաջանք է:
ԱԺ-ը, որպես պետական մարմին, բավականին լուրջ հարթակ է տեսակետներ արտահայտելու, և ժողովրդի դարդ ու ցավերը հաշվի առնելով նորմալ օրենքներ մշակելու, այլ ոչ թե զուտ քնելու, պետական փողերով ճանապարհորդելու և որոշակի մարդկանց հաճոյանալով PR-վելու համար:
ՀԳ. Աբրահամ Լինքոլն. «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»: