Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Նա առաջնորդվել է Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասով և Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածով։
Ադրբեջանի նախագահն արտահերթ ընտրություններ նշանակելու հարցում միանձնյա որոշում կայացնելու իրավունք է ստացել 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։ Նշենք, որ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ ընտրությունները կանցկացվեն 2018թ․ հոկտեմբերի 17-ին։
Երկրի ԿԸՀ-ն մեկ շաբաթից ոչ ուշ ժամանակահատվածում որոշում կընդունի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Փաստացի Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության:
Կարող ենք վստահաբար ընդգծել, որ իրականում բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ արտաքին դրությունը` տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում: Հենց այս իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաև Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:
Մի հանգամանք ևս առանձնացնենք. ներկայումս բավականին ուշագրավ իրավիճակ է Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարևոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ և հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ճակատում, հետևանքներից նշենք Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով:
Այս հրամանագիրը կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Այս կոնտեքստում չենք կարող չխոսել ղարաբաղյան հիմնահարցի մասին, որը թերևս առանցքայիններից մեկն է: Այս գործընթացն արվում է նաև նրա համար, որ ՀՀ-ում ու Ադրբեջանում փոփոխությունները զուգահեռ լինեն, ինչի ավարտից հետո ԼՂ հարցի կարգավորման շուրջ հնարավոր է լուրջ գործընթաց ընթանա:
Ալիևը ցանկանում է ապրիլին սահմանային լարվածություն ստեղծել, քանի որ ՀՀ-ում փոփոխություններ են ընթանալու, սա անշուշտ հարմար է պահ է սեփական վարկանիշն ու ռեյտինգը բարձրացնելու համար:
Ադրբեջանական ընդդիմությունն իր հերթին ունի իր մեկնաբանությունը: Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին ասել է, որ այդկերպ Ալիևը փորձում է ձեռքում պահել իշխանությունը։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման «որևէ անհրաժեշտություն չկար»։ «Մուսավաթի» նախկին առաջնորդ և կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Իսա Ղամբարն էլ կարծում է, որ իշխող վարչակարգը հասկանում է՝ եթե ընտրություններն անցկացվեն հոկտեմբերին, այդ ժամանակ բնակչության սոցիալ-տնտեսական և քաղաքական դժգոհությունն ավելի մեծ կլինի։ Վերջինս վստահ է՝ ճգնաժամի խորացումը և այն հաղթահարելու իշխանությունների անկարողությունը, պուտինյան վարչակարգի դիրքերի թուլացումը Արևմուտքի ճնշման տակ նպաստում է Ադրբեջանի իշխող վերնախավի դիրքերի սասանմանը։