Ադրբեջանում որոշվել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Սահմանադրությամբ երկրի նախագահն իրավունք ունի միաձնյա որոշելու ընտրությունների անցկացման հնարավորությունը։ 2016 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո Ադրբեջանի նախագահն օժտվել է ամենալայն իրավասություններով։ Փաստացի, երկրում միահեծան իշխանություն է։
Ի՞նչ կարող է սա նշանակել։ Ինչպես գիտենք, ամսաթիվը պատահական նշված չէ, այն է՝ ապրիլի 11։ Հայաստանում էլ այդ օրերին հույժ կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու, ու կարծես թե Ալիևը փորձում է հստակություն մտցնել այս հարցում։ Պարզ է, որ նա է վերընտրվելու, ու անկախ հայաստանյան իրադարձություններից՝ նոր շրջափուլում ազդարարում է, որ ինքն է լինելու այն սուբյեկտը, որի հետ ՀՀ ապագա ղեկավարությունը պետք է առնչվի ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։ Մեզ մոտ, ի տարբերություն հարևան երկրի, դեռ ամեն ինչ պարզ չէ՝ կհեռանա արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքականությունից կամ ի՞նչ ձևաչափով կմնա և այլն։
Երկրորդն, իհարկե, ցուցադրական ուժի կիրառումն է։ Ադրբեջանում ամեն ինչ պարզ է, ինչպես ասում են, ասողը մեկն է, ու պետք է գործ բռնել նրա հետ։ Սա նախևառաջ ներքին լսարանին ուղղված քայլ է՝ թույլ չտալու ընդդիմությանն առաջ քաշել սեփական վարկածն ու հանրային տրամադրություն շոշափել, համախմբել ու դիմադրություն ցույց տալ Ալիևին։ Սակայն ինչքան էլ որ հաջողվում է զսպել քաղաքական շրջանակներին, հասարակական տրամադրություններում աճում է դժգոհությունն Ալիևի ու յուր վարչակազմի նկատմամբ։ Ադրբեջանի տնտեսությունը վերջին ժամանակներս անկում է ապրում, իսկ միջազգային շուկայում նավթի գների սարսափելի անկումը գալիս է հայտարարելու, որ սպառվում է ներքին օրակարգը ձևավորելու ու եկամտի աղբյուրից կտրվելու միակ հնարավորությունը։
Միակ խաղաքարտը, որ տարիներ շարունակ բանեցրել է Ալիևը, ԼՂՀ հարցն է։ Դա Ադրբեջանի հասարակությանը, գործող վերնախավերին մանևրելու ու իշխանություն պահելու հնարավորություն է տվել։ Ապրիլյան քառօրյան որոշակիորեն ստվերեց այդ գործոնը, սակայն քանի հարցը մնում է չլուծված, պարզ է, որ գործող վարչակազմը շարունակելու է բանեցնել այդ խաղաքարտն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը վերջնականապես չի լուծվել։
Տվյալ հապշտապությունը կապված է նաև նրա հետ, որ, ամենայն հավանականությամբ, Ալիևը մտադիր չէ սպասել ևս 25 տարի, որպեսզի փորձի ռազմական ճանապարհով փորձել հարց լուծել։ Բանակցություններն արդյունք չեն տալիս, իսկ սոցիալապես 30 տոկոս աղքատություն ունեցող հասարակությանը հավերժ զսպելը գնալով դառնալու է ավելի դժվար։